Հռոմի Ֆրանցիսկոս պապը կարող է հրաժարվել աթոռից, եթե առողջական խնդիրները խանգարեն նրան կատարել իր պարտականությունները, Corriere della Sera-ին հայտնել է կարդինալ Ջանֆրանկո Ռավասին։
«Եթե Ֆրանցիսկոս պապը դժվարությամբ է կատարում իր պարտականությունները, նա կկատարի իր ընտրությունը։ Կարծում եմ՝ նա կարող է հրաժարական տալ։ Նրա որոշելիքն է, նրանն է վերջին խոսքը»,- ընդգծել է կարդինալը:
Միաժամանակ՝ նա նշել է, որ Ֆրանցիսկոսը ցանկանում է ավարտին հասցնել քրիստոնեության հոբելյանական տարին, որը Հռոմի կաթոլիկ եկեղեցին նշում է 2024 թվականի դեկտեմբերի 24-ից մինչև 2026 թվականի հունվարի 6-ը։
Ռավասին հիշեցրել է, որ նախկինում, չնայած առողջական խնդիրներին, պապը շարունակում էր կատարել իր պարտականությունները։
88-ամյա պապի ինքնազգացողությունը վատացել էր փետրվարի 17-ին։ Նա հոսպիտալացվել էր բրոնխիտով և տեղափոխվել Հռոմի Ջեմելի հիվանդանոց: Պապի մոտ երկկողմանի թոքաբորբ էր ախտորոշվել։