Մայիսի 1-ից վարորդներին մեկ տարվա համար տրվող միավորները կավելանան՝ գործող 9-ի փոխարեն դառնալով 13 բալ։ Կառավարությանը այսօրվա նիստում հավանություն է տվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների նախագծին։
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նշեց, որ սա պետության և քաղաքացիների երկխոսության արդյունքում առաջացած նախաձեռնություն է, քանի որ շատ վարորդներ դժգոհում էին գործող բալային համակարգից
Ըստ նախարարի՝ 9 միավորից 13-ի անցնելու դեպքում կա կոնսենսուս, որ միաժամանակ այս որոշման կայացմանը զուգահեռ կխստացվեն այն խախտումների համար պատասխանատվության միջոցները, որոնք վերաբերում են անվտանգությանը․ օրինակ՝ չամրակապված վարելը, հանդիպակաց գոտի դուրս գալը, վարելիս կապի միջոցներից օգտվելը։
«Սրանք այն շեմերն են, որտեղ խիստ մոտեցում պահպանելու կարիք կա անվտանգային բաղադրիչն ավելի վեր դասելու նպատակով», -ընդգծել է ՆԳ նախարարը։
Սարգսյանը նաև ընդգծել է ճանապարհային անվտանգության համար էական վտանգ չներկայացնող խախտումների համար պատիժները մեղմելու և ավելի լուրջ խախտումների նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու անհրաժեշտությունը։
Նախագծի հեղինակներն են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։