«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը մարտի 2-ին մասնաճյուղ կբացի Կապանի երկաթուղային կայարանի ավելի քան 30 տարի լքված շենքում, հայտնել է կենտրոնի մամուլի ծառայությունը։
Կենտրոնը կպահպանի կայարանի շենքի պատմական տեսքը և կստեղծի գերժամանակակից նորարարական տարածք, որը դեռահասներին կտրամադրի կրթական հարթակ: Թումոն պայմաններ կստեղծի նաև տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում ձեռներեցության զարգացման համար, ասվում է հայտարարության մեջ։
Կենտրոնի բացմանը նպաստել է Կապանի համայնքապետարանը, ԵՄ-ի «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնությունն ու ընկերության դոնորներ Ջուդիթ Սարյանը և Վիկտոր Զարուգյանը։
Հունվարին «Թումո»-ն ճանաչվել էր կրթության ոլորտում 100 լավագույն նորարարներից մեկը՝ ըստ HundrED Global Collection 2024-ի: Հուլիսին կենտրոնը մրցանակ էր ստացել Tools Competition տեխնոլոգիական մրցույթում՝ կրթության մեջ արհեստական ինտելեկտի ինտեգրմանն ուղղված աշխատանքի համար:
Կենտրոնի մասնաճյուղերը գործում են նաև Գյումրիում, Մոսկվայում, Փարիզում, Բեյրութում, Բեռլինում, Տիրանայում և Կիևում։
2022 թվականի հունիսին «Թումո»-ի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանն Armenia Today-ին պատմել էր առաջիկա տարիներին ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ծրագրերի մասին և հայտարարել «Թումո» կենտրոնների ցանցն ընդլայնելու ծրագրի մասին։ Միևնույն ժամանակ՝ «Թումո» կենտրոններ էին բացվել Արցախի Ասկերան և Մարտունի քաղաքներում, իսկ 2022 թվականի դեկտեմբերին կենտրոնը հայտարարել էր Գերմանիայում՝ Մանհայմում, երկրորդ մասնաշենքի բացման մասին։
2023 թվականի դեկտեմբերին «Թումո»-ն հայտարարել էր իր նախաձեռնության ընդլայնման մասին՝ ստեղծելու մշակութային վայրերի մանրամասն 3D սկանավորում՝ Հայաստանի և Արցախի ժառանգությունը թվայնորեն պահպանելու համար։