Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանի կենտրոնում Իրանի քաղաքացիների կողմից ադրբեջաներեն երգողների հետ կապված միջադեպը նպատակ ունի վատթարացնել Երևանի և Թեհրանի հարաբերությունները։ Փաշինյանը միջադեպն անվանել է «բեմադրված» և վստահություն հայտնել, որ այն կապ չունի Ադրբեջանի հետ։
«Չեմ զարմանա, եթե ձեր հայտնի շրջանակներից այդ մարդկանց վճարել են, տարել, կանգնեցրել, երգել են տվել, նկարել են տվել, համացանց են գցել, որ Հայաստանի և Իրանի հարաբերություններում պրոբլեմ առաջացնեն»,- ասել է նա՝ պատասխանելով ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին։
Փաշինյանն ընդգծել է, որ հայ հասարակությունը «պետք է դիմակայուն լինի» և չպետք է ցնցվի «ամեն տեսակ տափակ տեսարանից»։
«Ընդդիմությունը ցնցվում է, թող ցնցվի, իր բեմադրած տեսարանն է, թող ցնցվի, ինքը դա արել է հենց ցնցվելու համար»,- հավելել է Փաշինյանը։
Հունվարի 30-ին Ֆեյսբուքում տարածվել էր Հանրապետության հրապարակում օտարերկրյա քաղաքացիների մասնակցությամբ երգելու տեսանյութ։ Հունվարի 31-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ հրապարակում «Ղարաբաղ» երգողներն Իրանի քաղաքացիներ են։ Փետրվարի 1-ին ԱԱԾ-ն Իրանի քաղաքացիների՝ տեսանյութը հրապարակած ՀԿ ղեկավարի նկատմամբ գործ հարուցելու մասին հաղորդում էր ներկայացրել ՔԿ։ Ավելի ուշ ՔԿ-ն հայտնել էր, որ ձերբակալվել է տեսանյութը տարածող արցախցի Ղարիբ Բաբայանը։
Ըստ ՔԿ-ի՝ Բաբայանին ձերբակալել էին «Ղարաբաղ, ջան Ղարաբաղ» երգն ադրբեջաներենով երգելու տեսանյութը հրապարակելու և այդ միջոցով «ՀՀ իշխանությունների ու ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն ու քարոզելուն ուղղված հրապարակային խոսք» տարածելու մեղադրանքով։ Փետրվարի 2-ին Բաբայանին դատարանի դահլիճից ազատ էին արձակել՝ կիրառելով վարչական հսկողություն խափանման միջոցը, արգելելով հանդես գալ հրապարակային խոսքով։
Մանրամասները՝ տեսանյութում։