Մեր մարզիկներն ազգային միասնության ամենավառ օրինակներն են, «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն 2024» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողության ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա մարզիկներին շնորհակալություն է հայտնել «ազգային միասնության գործում ունեցած անուրանալի և անգնահատելի վաստակի համար»:
«Երբ մեր մարզիկները Հայաստանի դրոշը բարձրացնում են՝ բոլորը միավորվում են մեր մարզիկների շուրջ, որովհետև այդ դեպքում ձևավորվում է ազգային կոնսենսուս: Կապ չունի՝ ով ինչ քաղաքական հայացքի տեր է, ընդդիմադիր է, իշխանամետ է, հազար ներողություն՝ հարուստ է, ոչ այդքան ապահով է, անապահով է, աշխատանք ունի, գործազուրկ է, Հայաստանում է ապրում, թե Հայաստանից դուրս է ապրում, այդ պահին ձևավորվում է ազգային միասնություն»,- ասել է վարչապետը:
Վարչապետը խոստացել է հետևողական լինել մարզական ոլորտում պետական քաղաքականության ուղղությամբ՝ նպաստելու Օլիմպիական խաղերում ոսկի նվաճելուն։
«Սպորտի ոլորտում 2024 լավագույնների ընտրություն» մրցույթի լավագույն 3 մարզիկներ էին ճանաչվել հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը և ծանրորդ Վարազդատ Լալայանը։ Լավագույն կին մարզիկ էր ճանաչվել Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը, հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ՝ ծանրորդ Գրետա Վարդանյանը։
Լավագույն թիմ է ճանաչվել Հայաստանի շախմատի տղամարդկանց ազգային հավաքականը, լավագույն երիտասարդ մարզիկ՝ ծանրորդ Էմմա Պողոսյանը։ Վերադարձ մեծ սպորտ և/կամ հայտնություն անվանակարգում հաղթող է դարձել ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանը, ՀՀ լավագույնս հանրահռչակած մարզիկ՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը։
Լալայանը հաղթող էր ճանաչվել նաև «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում։