Լիբանանի հարավում իսրայելցի զինվորականները 15 մարդու են սպանել, երբ Իսրայելի բանակի դուրսբերման ժամկետի ավարտից հետո հազարավոր բնակիչներ փորձել են վերադառնալ իրենց տներ, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Լիբանանի իշխանություններին:
Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ 83 մարդ վիրավորվել է երկրի հարավի 15 տարբեր շրջաններում քաղաքացիների վրա իսրայելական հարձակումների հետևանքով։
Լիբանանցի զինվորականները հայտնել են, որ սպանվածներից մեկը Լիբանանի բանակի զինծառայող է, և Իսրայելին մեղադրել են զորքերի դուրսբերումը ձգձգելու մեջ: Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Լիբանանի հարավում գործող զորքը «նախազգուշական կրակոցներ է արձակել՝ մի շարք շրջաններում սպառնալիքները վերացնելու համար»։ Ըստ Իսրայելի՝ «կրակոցներն արձակել են զորքերին մոտեցող կասկածյալներ հայտնաբերելուց հետո»:
Իսրայելը հունվարի 24-ին հայտարարել է, որ իր զորքերը հունվարի 26-ը ներառյալ կմնան Լիբանանի հարավում։ Այդ ժամկետը սահմանվել էր Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլահ» շարժման միջև հրադադարի մասին համաձայնագրով: Իսրայելի վարչապետի գրասենյակը, մասնավորապես, հայտարարել է, որ Լիբանանը դեռ լիովին չի կատարել համաձայնագրի պայմանները, և «զորքերի աստիճանական դուրսբերման գործընթացը կշարունակվի ԱՄՆ-ի հետ լիարժեք համակարգմամբ»։
2024 թվականի նոյեմբերի 27-ին Լիբանանում ուժի մեջ էր մտել հրադադարի ռեժիմը։ Համաձայնագիրը նախատեսում էր 60-օրյա անցումային շրջան, որի ընթացքում իսրայելցի զինվորականները դուրս կբերվեն Լիբանանի հարավային շրջաններից, սահմանամերձ շրջաններում կտեղակայվի լիբանանյան բանակը, իսկ «Հեզբոլահն» իր ծանր սպառազինությունը կտեղափոխի Լիտանի գետից հյուսիս, որը գտնվում է Իսրայելի հետ սահմանից մոտ 30 կմ հեռավորության վրա: