Նվեր Ծառուկյանը երբեք չի թաքնվել և ներկայումս ևս չի թաքնվում քննությունից, նա գործուղվել է արտերկիր, 5-10 օրվա ընթացքում կլինի Հայաստանում, հայտարարել է փաստաբան Էմին Խաչատրյանը։
«Ծառուկյանը դեռևս 2024թ․ հոկտեմբերի 24-ի համապատասխան արձանագրությամբ, որը կայացվել էր մինչև ենթադրյալ դեպքը տեղի ունենալը, իսկ այնուհետև հոկտեմբերի 28֊ին` մինչ քրեական վարույթ նախաձեռնելը, որպես ընկերության հիմնադիր գործուղվել է ՀՀ-ից, ներկա պահին նրա գործուղումը շարունակվում է և ավարտվելուց հետո՝ 5-10 օրվա ընթացքում, կվերադառնա Հայաստանի` քննությանն անձամբ մասնակցելու նպատակով»,- գրել է Խաչատրյանը։
Փաստաբանը տեղեկացրել է, որ Ծառուկյանի գործուղման վերաբերյալ փաստաթղթերը ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին։
«Տեղեկացնում ենք նաև, որ քրեական գործով հետաքրքրություն ներկայացնող բոլոր անձինք ներկայացել են վարույթն իրականացնող մարմին և դեպքի հանգամանքների վերաբերյալ տվել մանրամասն ցուցմունքներ»,- հավելել է նա։
Այսօր ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Ծառուկյանի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։