Հայաստանում ազատազրկման վայրերում հունվարի դրությամբ մահացել է 3 մարդ, որոնցից 2-ը՝ ինքնասպանության հետևանքով, հայտնել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը:
Նա «ծայրահեղ մտահոգիչ» է համարել քրեակատարողական հիմնարկներում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների թվի աճը՝ պատկան մարմինների ուշադրությունը հրավիրելով նման միջադեպերի կանխարգելման խնդրի վրա:
Նշվում է, որ ՄԻՊ-ն իրավասու մարմիններից պարզաբանումներ է պահանջել յուրաքանչյուր նման դեպքի վերաբերյալ, ինչպես նաև դիմել է Քննչական կոմիտե՝ քրեական գործերի արդյունավետ քննության վերաբերյալ:
Մանասյանն ընդգծել է, որ պետությունը պատասխանատու է բանտարկյալների իրավունքների ապահովման համար։
2024 թվականի դեկտեմբերին հայտնի էր դարձել 20-օրյա հացադուլից հետո կալանավորի մահվան մասին։ Հունվարի 10-ին «Արթիկ» ՔԿՀ-ում ևս մեկ կալանավորի կախված էին հայտնաբերել:
Հունվարին պաշտպանի աշխատակազմի աշխատակիցները «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերել էին 20-ից ավելի խախտում, իսկ ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնել էր քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների ինքնավնասման 2 դեպքի մասին: