Ֆրանսիան Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի ձերբակալության նոր օրդեր է տվել, հաղորդել է Agence France-Presse-ը։
Ֆրանսիայի իշխանություններն Ասադին մեղադրում են 2017 թվականին Արաբական Հանրապետությունում քաղաքացիական օբյեկտների ռմբակոծմանը մեղսակցության մեջ։
Օրդերը տրվել է Ֆրանսիայի ազգային հակաահաբեկչական դատախազության պահանջով, որը հետաքննում է 59-ամյա ֆրանսիացի սիրիացի Սալահ Աբու Նաբուի մահվան հանգամանքները:
Դատախազության խոսքով՝ նա մահացել է 2017 թվականին սիրիական բանակի ուղղաթիռներից Դարաա նահանգում գտնվող իր տան գնդակոծման հետևանքով։ Նոր օրդեր տրամադրելու իր խնդրանքը պատճառաբանել է նրանով, որ Ասադն այլևս չի օգտվում դատական գործընթացների պետական անձեռնմխելիությունից, գրել է լրատվականը։
Սա Սիրիայի նախկին ղեկավարի ձերբակալության արդեն երկրորդ օրդերն է։ Նախորդը տրվել էր Ասադի հասցեին սիրիական զորքերի կողմից քիմիական զենքի ենթադրյալ օգտագործման վերաբերյալ մեղադրանքների առնչությամբ։
Դատախազությունը փորձել է վիճարկել այդ հրամանը, քանի որ նախկին նախագահը քրեական հետապնդման անձեռնմխելիություն ուներ: Նրա բողոքը Ֆրանսիայի վճռաբեկ դատարանը պետք է քննի 2025 թվականի մարտի 26-ին։
Ըստ AFP-ի՝ ընդհանուր առմամբ, Ֆրանսիայի դատական իշխանությունները 14 օրդեր են տվել սիրիացի բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալման համար։
Սիրիայում զինված հակամարտությունն սկսել էր 2011 թվականից։ Զինադադարը խախտվել էր 2024-ի նոյեմբերի 27-ին, երբ սիրիական մի շարք խմբավորումների զինյալներ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորման գլխավորությամբ, հարձակում էին սկսել երկրի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի դեմ: Նրանք գրավել էին Հալեպը, Համան, Դեր Զորը, Դերաան և Հոմսը։
Դեկտեմբերի 8-ին զինյալ ահաբեկիչներն ուղիղ եթերում հայտարարել էին, որ վերահսկողություն են հաստատել Սիրիայի նկատմամբ։ Նույն օրը ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Ասադը լքել է Սիրիան։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի ուշ հայտարարել էր, որ Սիրիայի նախագահը թողել է պաշտոնը և լքել երկիրը։ ՏԱՍՍ-ն ավելի ուշ գրել էր, որ Ասադն ու նրա ընտանիքի անդամները ժամանել էին Մոսկվա, ՌԴ-ն նրանց ապաստան էր տրամադրել։