ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել է Երևանի հետ գործընկերության ամրապնդման ԵՄ հանձնառության մասին։
«Ես արտահայտեցի ԵՄ-ի հանձնառությունը՝ ավելի ամրապնդելու մեր գործընկերությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա և խորացնելու մեր համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ անվտանգություն, տնտեսություն, մարդկանց միջև շփումներ, ժողովրդավարական ինստիտուտներ և կայունություն: Ակնկալում եմ շուտով անձամբ հանդիպել վարչապետ Փաշինյանի հետ»,- X-ում գրել է Կոշտան։
Նրա խոսքով՝ կողմերը քննարկել են նաև ԵՄ-Հայաստան հարաբերությունների «դրական դինամիկան»։
Ինչպես հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, զրույցի ընթացքում Փաշինյանը Եվրոպական խորհրդի ղեկավարին տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի ընթացիկ վիճակի մասին և ընդգծել, որ Հայաստանիըը չի շեղվելու խաղաղության օրակարգից:
Նշվում է, որ կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունն առաջիկա հարմար առիթներով:
Պորտուգալիայի նախկին վարչապետ Կոշտան դեկտեմբերի 1-ից ընտրվել է Եվրոպական խորհրդի նախագահ՝ փոխարինելով Շառլ Միշելին։