«Սպորտի ոլորտում 2024 լավագույնների ընտրություն» մրցույթի լավագույն 3 մարզիկ է ճանաչվել հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը և ծանրորդ Վարազդատ Լալայանը, հայտնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
Լավագույն կին մարզիկ է ճանաչվել Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը, հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ՝ ծանրորդ Գրետա Վարդանյանը։ Լավագույն թիմ է ճանաչվել Հայաստանի շախմատի տղամարդկանց ազգային հավաքականը, լավագույն երիտասարդ մարզիկ՝ ծանրորդ Էմմա Պողոսյանը։
Վերադարձ մեծ սպորտ և/կամ հայտնություն անվանակարգում հաղթող է դարձել ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանը, ՀՀ լավագույնս հանրահռչակած մարզիկ՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
Լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը։
Հաղթողներին որոշել է ԿԳՄՍՆ կողմից հավատարմագրված մարզական 19 լրագրող՝ փակ, գաղտնի քվեարկությամբ, որի արդյունքներն ամփոփել է ԿԳՄՍ նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովը:
Օգոստոսի 7-ին Ալեքսանյանը դարձել էր Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։ Լալայանն Օլիմպիական խաղերում արծաթե մեդալ էր նվաճել։
Օգոստոսի 4-ին Օլիմպիական խաղերում Հայաստանի առաջին մեդալը նվաճել էր Դավթյանը՝ դառնալով արծաթե մեդալակիր։ Դեկտեմբերին Բահրեյնում կայացած աշխարհի առաջնությունում Լալայանը (+109 կգ) կարիերայում առաջին անգամ նվաճել էր աշխարհի չեմպիոնի կոչումը՝ երկամարտում գրանցելով 467 կգ (215+252) արդյունք։ Նա արժանացել էր ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչման։