ԱՄՆ-ում և Իսրայելում կարծում են, որ Իրանը կարող է հարված հասցնել Իսրայելին օգոստոսի 5-ին, հայտնում է Axios-ը՝ հղում անելով ամերիկյան և իսրայելական աղբյուրներին:
Պարբերականի տվյալներով՝ ամերիկացի պաշտոնյաները կանխատեսում են, որ Իրանի գործողությունները հնարավոր է՝ մասշտաբային լինեն, և դրանց կարող է ներգրավվել «Հեզբոլլահ» խմբավորումը: Ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաները պարբերականին հայտնել են նաև, որ չգիտեն՝ Իրանը և «Հեզբոլլահը» համակարգվա՞ծ հարձակում կիրականացնեն, թե՞ առանձին-առանձին կգործեն: Աղբյուրները հավելել են, որ, իրենց կարծիքով, Իրանն ու «Հեզբոլլահը» դեռ աշխատում են իրենց ռազմական ծրագրերի նախապատրաստումն ավարտելու և դրանք քաղաքական մակարդակով հաստատելու ուղղությամբ:
Միևնույն ժամանակ, The Jerusalem Post-ը գրում է, որ Իրանը ծրագրում է Իսրայելի վրա հարձակվել օգոստոսի 12-13-ը, որոնք հրեա ժողովրդի համար սգո օրեր են։ Օրերը նվիրված են Իսրայելի տաճարների ավերման հիշատակմանը։ Պարբերականի տվյալներով՝ Իրանի հարձակումը կհամակարգվի «Հեզբոլլահի» հետ։
Axios-ը նշում է, որ տարածաշրջան է ժամանել ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար, գեներալ Մայքլ Կուրիլան: Գեներալը կայցելի Պարսից ծոցի մի քանի երկրներ, այդ թվում՝ Հորդանան և Իսրայել: Պարբերականի տվյալներով՝ սպասվում է, որ այցի ընթացքում նա կփորձի մոբիլիզացնել միջազգային և տարածաշրջանային այնպիսի կոալիցիա, որը մասնակցել է ապրիլի 13-ին Իրանի կողմից հարված ստացած Իսրայելի պաշտպանությանը: Օգոստոսի 3-ին հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն ուժեղացնում է իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում՝ տարածաշրջանում լարվածության ֆոնին:
Տարածաշրջանում իրադրությունը սրվել է հուլիսի 30-ին` Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիայի սպանությունից և Բեյրութի ուղղությամբ իսրայելական ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահի» շիական շարժման բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքերի զոհվելուց հետո: Իրանը հայտարարել էր պատասխան քայլեր ձեռնարկելու մասին։ ԶԼՄ-ների տվյալներով՝ ԱՄՆ վարչակազմը մտահոգված է, որ Հանիայի սպանությունը կարող է մեծացնել տարածաշրջանային պատերազմի վտանգը։ Te New York Times-ը հաղորդել էր, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հրամայել է հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան Հանիայի սպանության:





































