«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը մայիսի 15-ին՝ ժամը 15:30-ին, Երևանի կենտրոնական 4 հատվածներից երթ կիրականացնի դեպի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջոցառման է մասնակցելու, հայտնել է «Ազգային ճակատը»։
Փաշինյանը մասնակցելու է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան ժողովի շրջանակներում իրականացվող միջոցառմանը։ Տարեկան ժողովն այս տարի անցկացվում է Երևանում՝ մայիսի 14-16-ը։ «Ազգային ճակատի» տվյալներով՝ միջոցառումը մեկնարկելու է 17։00-ին։
«Ժամը 15:30 հավաքվում ենք Սարյանի, Կոնսերվատորիայի դիմացի այգիներում, Սուրբ Աննա եկեղեցու բակում, Հյուսիսային պողոտայում՝ բանալիի մոտ և շարժվում դեպի Օպերա՝ դրսևորելու մեր քաղաքացիական խաղաղ անհամաձայնությունը»,- հայտնել են «Ազգային ճակատում»։
Ավելի ուշ ՆԳՆ ոստիկանությունը հայտնել է, որ EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կազմակերպված միջոցառման առնչությամբ հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով մայիսի 15-ին՝ ժամը 15.00-20.00-ն փակ կլինի Տերյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտա-Տերյան փողոց խաչմերուկից մինչև Տերյան-Թումանյան փողոցների խաչմերուկ, Թումանյան փողոցը՝ Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկից մինչև Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկ։
16։05
«Ազգային ճակատի» փոխանցմամբ՝ Օպերայի շրջակա տարածքում գտնվող «Ատլանտիկ» սրճարանի աշխատակիցը հաղորդել է, որ ոստիկանները հրահանգել են այցելուներին դուրս հանել և մինչև երեկոյան ժամը 19։00-ն հյուրեր չընդունել։ Իսկ «Մեղեդի» սրճարանի աշխատակիցն ասել է, որ «սրճարանից նույնիսկ բռնի ուժով են հեռացրել մարդկանց, որոնք չէին ցանկանում դուրս գալ»։
Թումանյան փողոցը Հյուսիսային պողոտային հարող հատվածում ամբողջությամբ փակված է մետաղյա ձողերով, ոստիկաններն արգելում են քաղաքացիների անցումը Մաշտոցի պողոտայով, հայտնել է «Ազգային ճակատը»։
Մայիսի 4-ին սահմանազատման գործընթացի դեմ ձևավորված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրը հանրահավաք անցկացրել՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց սկսել։ Շարժումը գլխավորող, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը հանրահավաքի ժամանակ կոչ էր արել մայիսի 13-ի առավոտից անհնազանդության ակցիաներ սկսել։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել։
![](https://armeniatoday.am/wp-content/uploads/2024/05/1-1024x576.jpeg)
![](https://armeniatoday.am/wp-content/uploads/2024/05/2-1024x576.jpeg)
![](https://armeniatoday.am/wp-content/uploads/2024/05/3-1-1024x576.jpeg)
![](https://armeniatoday.am/wp-content/uploads/2024/05/5-1024x576.jpeg)
![](https://armeniatoday.am/wp-content/uploads/2024/05/6-1024x576.jpeg)
![](https://armeniatoday.am/wp-content/uploads/2024/05/7-1024x576.jpeg)