Վարչապետ Նիկոլ Փաշինյանը
հայտարարել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի ոտնձգության մասին։
«Այսօր ադրբեջանական զինուժն անօդաչու թռչող սարքերի և ականանետների կիրառմամբ գրոհել է Սոթքում և Նորաբակում հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով 3 զինծառայող է զոհվել, 2-ը՝ վիրավորվել։ Տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունները՝ զուգորդված ռազմատենչ հռետորաբանությամբ, Ադրբեջանի քաղաքականության շարունակությունն են»,- ասված է ՀՀ վարչապետի հայտարարության մեջ։
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նոր փուլ է սկսվել սեպտեմբերի 1-ին, երբ, ըստ ՀՀ ՊՆ-ի, ժամը 07:50-ից Ադրբեջանի Զինված ուժերը ինտենսիվ կրակ են
բացել Գեղարքունիքի մարզի Սոթքում և Նորաբակում գտնվող հայկական դիրքերի ուղղությամբ: Հայաստանը
հայտնել է ադրբեջանական ստորաբաժանումների կողմից Սոթքի հրետակոծության հետևանքով չորս զոհի և մեկ վիրավորի մասին, Ադրբեջանը հայտնել է երեք վիրավորի մասին։
ՀՀ ՊՆ-ն
հայտնել է որ նախկին հայտարարված 4 զոհված զինծառայողներեցից մեկը՝ Նարեկ Կարենի Պողոսյան ողջ է, ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում նրա սրտի զարկը վերականգնվել է։
Գրեթե մեկ տարի առաջ՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, ադրբեջանական զինուժը
սկսեց հրետանային, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակոցներ իրականացնել Գորիսի, Սոթքի և Ջերմուկի հայկական դիրքերի ուղղությամբ։
Վերջին տվյալներով՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ը ադրբեջանական ագրեսիայի ժամանակ հայկական կողմից զոհերի և անհայտ կորածների թիվը հասել է 207-ի՝ ներառյալ երեք խաղաղ բնակիչների զոհվելը, որոնցից երկուսը անհետ կորած են։ Վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, մոտ 20 զինծառայող գերի է ընկել։
Բաքուն Արցախը շրջափակել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից։ 2023 թվականի հունիսի 15-ին Ադրբեջանն
արգելեց մարդասիրական օգնության առաքումը Լաչինի միջանցքով, իսկ ավելի ուշ այնտեղ բետոնե պատնեշներ
տեղադրեց:
Կարդացեք և դիտեք Armenia Today-ի բացառիկ ռեպորտաժն այն մասին, թե ինչպես է ապրում սահմանային Սոթքը, որը 2022 թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժի կրակոցների տակ էր ընկել։