Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը պարզաբանել է թուրքական արտադրության գյուղատնտեսական մթերքի՝ Արցախում հայտնվելու վերաբերյալ տեղեկատվությունը։
Պարզվել է, որ նշված ապրանքները Արցախ են բերվել Հայաստանի Հանրապետությունից, որտեղ այն գտնվում է ազատ վաճառքում, նշել են գերատեսչությունում:
«Ձեռնարկված միջոցառումներով ամբողջությամբ հերքվել է հիշյալ ապրանքները ադրբեջանական կողմի ջանքերով արցախյան շուկա մտնելու վարկածը:
Նկատի ունենալով 12.12.2022թ.-ից Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակման մեջ առնելը և դրա հետևանքով ստեղծված իրավիճակը, սնանկացման եզրին կանգնած տարբեր տնտեսվարող սուբյեկտներ հաճախ փորձում են ամենատարբեր եղանակներով որոշակի ապրանքատեսակներ տեղափոխել Արցախ:
Հաշվի առնելով դրա վտանգավորությունն ու ռիսկայնությունը, ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը, համագործակցելով Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի հետ, շարունակելու է միջոցներ ձեռնարկել Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման պայմաններում Արցախ տեղափոխվող հումանիտար բեռների անվտանգությունն ապահովելու և անվերահսկելիությունը բացառելու ուղղությամբ»,-նշվում է հաղորդագրության մեջ։