Դոնբասի հակամարտության գոտում ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայումը հնարավոր կլիներ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սանկցիաներով և Կիևի համաձայնությամբ։ Այս մասին ТАСC-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Reuters գործակալությանը տված հարցազրույցում։
«Տեսականորեն դա հնարավոր է, բայց դրա համար անհրաժեշտ է Ուկրաինայի համաձայնությունը, ի վերջո դա նրա տարածքն է», - ասել է նա։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հավելել է, որ ներուկրաինական հակամարտությունը կարող է կարգավորվել միայն դիվանագիտական ճանապարհով, սակայն այժմ իրավիճակը զարգանում է վտանգավոր ուղղությամբ: «Ես չեմ հավատում, որ իրավիճակն այժմ կարող է վերադառնալ այն վիճակին, երբ տանկերը մնում էին իրենց բազաներում, իսկ զինվորները գտնվում էին զորանոցներում։ Հիմա պետք է գիտակցել բանակցությունների սեղանի շուրջ նստելու և համաձայնության գալու անհրաժեշտությունը։ Սա է նոր իրականությունը», - ասել է Զասը։
Վերջին ժամանակներս Արևմուտքի երկրներում, ինչպես նաև Կիևում պնդումներ են հնչում Ուկրաինայի տարածք Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկատվությունը որակել է որպես լարվածության անհիմն հրահրում։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը որևէ մեկի համար վտանգ չի ներկայացնում: Ընդ որում, նա չի բացառել հայտարարությունների արդարացման համար սադրանքների իրականացումը։





































