«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը հայտարարել է, որ դատական հայցեր է ներկայացնելու եղբոր հետ կապված միջադեպի առնչությամբ իրեն վերագրվող տեղեկությունների համար։
Սոցիալական ցանցերում հուլիսի 27-ին տարածվել էր տեսանյութ, ըստ որի՝ Աբովյան քաղաքում մի խումբ անձինք ծեծի էին ենթարկել պատգամավորի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, և արդեն կան ձերբակալվածներ։
Կոնջորյանը նշել է, որ դեպքը և դրան նախորդած որոշ հանգամանքներ քաղաքական նպատակներով շահարկվում են և փորձ է արվում դրանք կապել իր անձի հետ։
«Ես երբևէ որևէ պարագայում չեմ կարող ներգրավվել այնպիսի գործընթացի մեջ, որ դուրս օրենքի և իրավական պետության տրամաբանությունից։ Սա ինձ համար եղել է և շարունակում է մնալ կարմիր գիծ»,- նշել է նա։
ՔՊ պատգամավորը հայտարարել է, որ դատական հայցեր կներկայացնի բոլոր այն անձանց դեմ, որոնք իրեն կվերագրեն «ստահոդ» տեղեկություններ և «զրպարտություններ»՝ կապված թե՛ այս դեպքի, թե՛ դրա հետ առնչվող կամ չառնչվող որևէ այլ հարցի հետ։
«Զրպարտության ցանկացած դրսևորում ունենալու է իրավական հետևանք այն կատարողների համար»,- ընդգծել է Կոնջորյանը։
Անդրադառնալով եղբոր ծեծի դեպքին՝ նա շեշտել է, որ հարցն ամբողջությամբ գտնվում է իրավապահ համակարգի տիրույթում։
«Իմ եղբորը ծեծի ենթարկելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ: Հարցը գտնվում է իրավապահ համակարգի տիրույթում և վստահ եմ, որ բռնություն գործադրած բոլոր անձինք իրավական պատասխանատվության կենթարկվեն»,- նշել է Կոնջորյանը։
Պատգամավորը նաև ընդգծել է, որ բռնության ցանկացած դրսևորում՝ ֆիզիկական, հոգեբանական կամ այլ բնույթի, բացարձակապես անընդունելի է՝ անկախ այն գործադրող անձից։ Նրա խոսքով՝ աշխատանքային կամ միջանձնային հարաբերությունների պարզաբանման միակ ընդունելի ճանապարհը օրենքն ու իրավական ընթացակարգերն են։




































