Իրանն այս պահին որևէ բանակցություն չի վարում ԱՄՆ-ի հետ, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Մենք երբեք չենք խուսափել դիվանագիտական գործիքի կիրառումից՝ մեր ազգային շահերը պաշտպանելու համար: Քանի դեռ հակառակ կողմն զբաղված է Իրանի դեմ ագրեսիայով ու հարձակումներով, մեր ուշադրությունը կենտրոնացած է բացառապես պաշտպանության վրա։ Այս պահին ԱՄՆ-ի հետ բանակցային որևէ գործընթաց տեղի չի ունենում»,- Իրանի պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է Բաղային։
Նրա խոսքով՝ քանի դեռ ԱՄՆ-ն չի փոխել իր դիրքորոշումը, «ողջամիտ» դիվանագիտական գործընթաց սկսելն անհնար է։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 8-ին հայտարարել էր, որ հունիսի 18-ի գիշերն Իրանի հետ ձեռք բերված հրադադարն այլևս չի գործում։ Ամերիկացի զինվորականները հուլիսի 8-ից ի վեր հարձակումների մի քանի փուլ են իրականացրել Իրանի դեմ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարության պնդմամբ՝ դա արվել է՝ ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Թեհրանը պատասխանել է Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում ամերիկյան բազաներին հասցված հարվածներով, փակել է Հորմուզի նեղուցը, ինչպես նաև մեղադրել է Վաշինգտոնին ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ։






































