Քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլի» 24 տաղավարները կապարակնքելու մասին։
Գերատեսչության արձագանքին նախորդել էր հուլիսի 21-ից կապարակնքված տաղավարների շուրջ 600 աշխատակիցների բողոքի ակցիան՝ իրենց աշխատանքը շարունակելու պահանջով։ Ուղիղ հեռարձակումն իրականացվել է Armenia Today-ի Youtube-յան ալիքը։
Քննչական կոմիտեն տաղավարների կապարակնքումը հիմնավորում է անվտանգության նորմերի խախտմամբ՝ մատնանշելով տարածքի բարձր լարման էլեկտրահաղորդման պաշտպանական գոտում գտնվելը։
Որպես իրավական և տեխնիկական հիմք՝ գերատեսչությունը վկայակոչում է փորձագիտական եզրակացությունը, համաձայն որի՝ 3,5 հեկտար մակերեսով հողատարածքի օտարումը, որտեղ տեղակայված են առևտրի կենտրոնի մի մասն ու ավտոկայանատեղին, իրականացվել է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջների խախտմամբ։
Իրավապահ մարմնի պնդմամբ՝ կնքված շինությունները փաստացի կառուցվել են Երևան-Աբովյան 1520 մմ ռելսամիջի երկաթուղային գծի պաշտպանական հատվածում, որը համատեղվում է 110 կՎ լարման էլեկտրահաղորդման գծի անվտանգության տարածքի հետ՝ ստեղծելով տեխնածին և իրավական ռիսկեր։
«Առինջ Մոլի» աշխատակիցների և ձեռնարկատերերի բողոքի ակցիաներ էին սկսել Ծառուկյանին ձերբակալելուց հետո: Հուլիսի 23-ին ակցիայի ժամանակ մասնակիցները Armenia Today-ի հետ զրույցում ընդգծել են, որ բարձր լարման էլեկտրահաղորդման գծերը առևտրի կենտրոնի հարևանությամբ են տարիներ շարունակ, ինչն անհասկանալի է դարձնում անվտանգության սպառնալիքի վերաբերյալ պաշտոնական վարկածի հանկարծակի ի հայտ գալը հենց այժմ։
Մասնակիցները պահանջել են հանդիպում Քննչական կոմիտեի ներկայացուցիչների հետ և հստակ պարզաբանումներ՝ տաղավարների վերաբացման հնարավորության ու կոնկրետ ժամկետների վերաբերյալ։
Ակցիայի մասնակիցները ստուգումներն ու սահմանափակումները կապում են Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման հետ՝ պահանջելով «քաղաքական ենթատեքստ չհաղորդել» առևտրի կենտրոնի բնականոն գործունեությանը։






































