Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Մանիլայում կայացած հանդիպման ընթացքում պայմանավորվել են շարունակել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև շփումները՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակում, հայտնել է ՌԴ արտգործնախարարությունը։
Հանդիպումը կայացել է հուլիսի 23-ին՝ Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) նախարարական միջոցառումների շրջանակում։ Կողմերը հանգամանալից քննարկել են երկկողմ հարաբերություններին և միջազգային օրակարգին առնչվող հարցեր։
Ուկրաինայի թեմային անդրադառնալիս՝ Լավրովը Ռուբիոյին ներկայացրել է ռազմաճակատում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի գնահատականը և հայտարարել, որ անընդունելի է Կիևին զենքի մատակարարումների շարունակումը, ինչպես նաև եվրոպական երկրների քաղաքականությունը, որը, Մոսկվայի գնահատմամբ, նպատակ ունի Ռուսաստանին հասցնել «ռազմավարական պարտության»։ Նա նաև վերահաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը։
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև վերջին բանակցությունները տեղի էին ունեցել Ժնևում՝ փետրվարի 17-ին և 18-ին։ Հաջորդ փուլը նախատեսված էր մարտի 5-ին՝ Աբու Դաբիում, սակայն հետաձգվել էր Իրանին ԱՄՆ-Իսրայելի հարվածներից հետո։ Մարտի 15-ին Կրեմլը հայտարարել էր բանակցություններում դադարի մասին։






































