Երեք նավթատար նավեր փորձել են առանց Իրանի հետ համաձայնեցման անցնել Հորմուզի նեղուցով, ինչի հետևանքով նավերից մեկի վրա պայթյուն է տեղի ունեցել, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ):
«Երեք նավթատար նավեր մտադիր էին անցնել Հորմուզի նեղուցի ականապատ երթուղով։ Դրանցից մեկի վրա տեղի ունեցած պայթյունից և ուժգին հրդեհից հետո մյուս երկուսը հետ են շրջվել ու նահանջել», - մեջբերել է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը ԻՀՊԿ-ի հայտարարությունը։
Իրանի զինված ուժերն ընդգծել են, որ քանի դեռ Հորմուզի նեղուցը գտնվում է Իրանի վերահսկողության տակ, ոչ մի նավ չի կարողանա մտնել կամ դուրս գալ նեղուցից՝ առանց Իսլամական Հանրապետության հետ համաձայնեցման։
Իրանական կողմի փոխանցմամբ՝ նմանատիպ միջադեպեր Հորմուզի նեղուցում տեղի էին ունեցել նաև հուլիսի 20-ին և 21-ին։ Իրանը նեղուցի նկատմամբ լիակատար վերահսկողության մասին հայտարարել էր ԱՄՆ-ի և Իսրայելի գործողության մեկնարկից հետո, ինչին հաջորդել էին ականային պայթյունների վտանգի մասին նախազգուշացումները։
ԱՄՆ հետախուզական տվյալների և միջազգային աղբյուրների համաձայն՝ նեղուցի ջրերում ականների առկայության վերաբերյալ տեղեկությունները դեռևս պաշտոնապես հաստատված չեն։
Հուլիսի 12-ի գիշերը Թեհրանը հայտարարել էր Հորմուզի նեղուցով նավերի անցման լիակատար կասեցման մասին՝ մինչև ԱՄՆ-ի կողմից տարածաշրջանում ռազմական միջամտության դադարեցումը, ինչին ի պատասխան ամերիկյան կողմը հարվածներ էր հասցրել իրանական ՀՕՊ համակարգերին և ԻՀՊԿ մոտորանավակներին։






































