Դատարանը 2 ամսով երկարաձգել է «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանի կալանքը՝ բավարարելով քննիչի միջնորդությունը, հայտնել են կուսակցությունից։
Նրա փաստաբան Սերգեյ Մարբյանը տեղեկացրել է, որ դատարանը պարտավորեցրել է ապահովել Թևանյանի՝ բուժօգնություն ստանալու իրավունքը։ Դատարանի որոշմամբ՝ Թևանյանը, որի ինքնազգացողությունը հուլիսի 21-ին վատացել էր, պետք է բուժօգնություն ստանա քաղաքացիական հիվանդանոցում՝ իր բժշկի մոտ։
Միևնույն ժամանակ, փաստաբանը նշել է, որ դատարանն անփոփոխ է թողել տեսակցությունների արգելքը:
Փաստաբանը տեղեկացրել է, որ երբ Թևանյանի ինքնազգացողությունը վատացել է, քրեակատարողական հիմնարկում շտապօգնություն կանչել են, սակայն Թևանյանին հիվանդանոց չեն տեղափոխել վիճակի կայունացման հիմքով։
Թևանյանը պետական դավաճանության գործով մայիսի 23-ին կալանավորվել էր երկու ամսով։ Քրեական հետապնդումն սկսվել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունից հետո, որ Թևանյանի դեմ քրեական գործ կհարուցվի հայրենիքի դավաճանության հոդվածով և որ իշխանություններն «արմատախիլ են անելու լրտեսական ցանցը»։ Հուլիսի 21-ին կուսակցությունից հայտնել էին, որ Թևանյանի մոտ արձանագրվել է զարկերակային ճնշման կտրուկ անկում, բայց քանի որ նրա վիճակը կայունացել է՝ շտապօգնություն չեն կանչել։
Կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ Արեգնազ Մանուկյանը ևս երկու ամսով կալանավորվել էր հուլիսի 9-ին՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու մեղադրանքով։





































