Կարկուտն ու ուժեղ քամին հուլիսի 17-ի երեկոյան ոչնչացրել են Շիրակի մարզի Բաղրավան գյուղի բերքը՝ մեծ վնաս պատճառելով բնակիչներին, հայտնել է «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Վահան Թումասյանը։
Տարերքից վնասվել են տանիքներ, շինություններ և ծառեր, փշրվել են մեքենաների դիմապակիներ, նշել է նա։
Բագրավանի սարերում երիտասարդ նախրապանին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց: Նա կարկուտի ժամանակ սարերում է գտնվել և ուժեղ կարկտահարությունից բավականին ծանր վնասվածքներ է ստացել, տեղեկացրել է Թումասյանը։
Թումասյանը հրապարակել է փոթորկի հետևանքների կադրեր, որտեղ երևացող վնասը նկարագրում է «իսկական աղետ»։
ՀԷՑ-ից տեղեկացնում են, որ կեսգիշերն անց ուժեղ քամու հետևանքով վնասվել և շրջվել են Արագածոտնի մարզի Թալին համայնքի Հացաշեն, Ցամաքասար, Սուսեր և Զարինջա բնակավայրերը սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները, ինչի արդյունքում խափանվել է նշված բնակավայրերի էլեկտրամատակարարումը։






































