ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահի մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը հայտնել է, որ հուլիսի 15-ից դադարեցնում է իր լիազորությունները։ Այս մասին նա տեղեկացրել է տեզեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։
Նա չի նշել հեռանալու պատճառները՝ ընդգծելով միայն, որ որոշումը կայացրել էր խորհրդարանական ընտրություններից դեռ ամիսներ առաջ, սակայն շարունակել է աշխատանքը՝ ցանկանալով խուսափել հնարավոր շահարկումներից մինչև ընտրական գործընթացների ավարտը։
Ղուկասյանը հավելել է, որ աշխատանքից ազատվելու դիմումը ներկայացրել է մեկ ամիս առաջ։
Ղուկասյանը ներկայացրել է նաև 2022-ից իրականացրած աշխատանքի արդյունքները։ Նրա ձևակերպմամբ՝ ապահովվել է բացառիկ անկողմնակալություն ԶԼՄ-ների հետ հարաբերություններում, իսկ ԿԸՀ տեղեկատվական էջերը գրանցել են լսարանի զգալի աճ։
«ԿԸՀ ֆեյսբուքյան էջը վարելու պարտականությունը ստանձնել եմ 6700 հետևորդով, այժմ այն 19 000-ից ավելի է, իսկ վերջին 3 ամիսներին միջինում ունեցել է 4 միլիոն այցելու՝ առանց որևէ վճարովի գովազդի։ Շնորհակալ եմ ԿԸՀ-ին՝ մարքեթինգի ոլորտում գիտելիքներս լավարկելու համար»,- նշել է նա։
Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին վստահության համար և հաջողություն մաղթել հանձնաժողովին աշնանը սպասվող ՏԻՄ ընտրություններում։
Հունիսի 7-ին ՀՀ-ում անցկացվել էին Ազգային ժողովի ընտրություններ, որին մասնակցել էր 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ ԲՀԿ-ն, որն ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքներով չէր հաղթահարել անցողիկ 4%-ի շեմը, վերահաշվարկ էր պահանջել։ Ավելի ուշ ԿԸՀ-ն անվավեր էր ճանաչել 3 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները։






































