Լոնդոնի Հայկական ինստիտուտը հուլիսի 19-ին կմասնակցի Հայկական ամառային փառատոնին, որը կանցկացվի North Acton Playing Fields զբոսայգում՝ ժամը 12։00-18։00-ն, հայտնել է ինտիտուտի կայքը։
Փառատոնում ինստիտուտը կներկայացնի հայերենի դասընթացներ, միջոցառումներ, հրատարակություններ ու գրքեր։ Այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու «Տեղահանության ժառանգություն․ Մեծ Բրիտանիայի հայկական համայնքների բանավոր պատմությունները» նախագծի շրջանակում անցկացված հարցազրույցներին։
Հայկական ամառային փառատոնն ավելի քան մեկ տասնամյակ Լոնդոնում ներկայացնում է հայկական մշակույթը, խոհանոցը, երաժշտությունն ու պարերը։ Կազմակերպիչների տվյալներով՝ նախկինում որպես փոքր փողոցային միջոցառում սկսված փառատոնն այժմ համախմբում է Մեծ Բրիտանիայի և այլ երկրների հազարավոր հայերի։ Ծրագրում նախատեսված են համերգներ, պարային ելույթներ, հայկական ուտեստների տաղավարներ, տոնավաճառ և մանկական միջոցառումներ։
«Տեղահանության ժառանգություն» նախագիծն իրականացվում է 2023-2026 թվականներին՝ Ազգային վիճակախաղի ժառանգության հիմնադրամի աջակցությամբ։ Այն հավաքագրում է Լոնդոնում և Մանչեսթերում բնակվող հայերի հիշողությունները՝ փաստագրելով նրանց տեղահանության, միգրացիայի և Մեծ Բրիտանիայում հաստատվելու պատմությունները։ Նախագծի շրջանակում թվայնացվում են նաև ընտանեկան լուսանկարներ և մշակութային արժեք ներկայացնող իրեր։
































