Անկարան հույս ունի, որ ապագայում Թուրքիային ամերիկյան կործանիչների շարժիչների մատակարարման հետ կապված խնդիրներ չեն առաջանա, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
«ԱՄՆ Կոնգրեսում F110 շարժիչների վերաբերյալ առարկություններ ներկայացնելու վերջնաժամկետը երեկ լրացել է։ Հուսով եմ՝ այս հարցում այլևս խնդիրներ չեն լինի»,- նրա խոսքերն է մեջբերել ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ կոնգրեսը փորձելու է արգելափակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշումը՝ Թուրքիային կործանիչների շարժիչներ վաճառելու և Անկարայի՝ F-35 կործանիչների ծրագրին հնարավոր վերադարձի վերաբերյալ։
Ինչպես հաղորդում է Reuters-ը, Ֆիդանը նաև հույս է հայտնել, որ հաջող ելք կունենան Թուրքիայի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման և Անկարայի կողմից այդ տիպի կործանիչների ձեռքբերման հետ կապված հարցերը։ Արտգործնախարարը հույս է հայտնել, որ երկու հարցի շուրջ էլ շուտով համաձայնություն ձեռք կբերվի։
«Այլ կերպ ասած՝ չեմ կարծում, թե այս առումով որևէ խնդիր կառաջանա»,- ասել է Ֆիդանը։
Գործակալությունը նշել է, որ թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էր, թե Թուրքիան կարող է հայտարարել ռուսական արտադրության S-400 հակաօդային պաշտպանության համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին վերավաճառելու մասին՝ փորձելով համոզել ԱՄՆ-ին՝ Անկարային վաճառել F-35 կործանիչներ։ Թուրքիան ենթարկվել էր պատժամիջոցների և 2020 թվականին հեռացվել F-35-ի մշակման ու ձեռքբերման ծրագրից՝ այդ համակարգերը գնելու պատճառով։





































