Իրանի և ԱՄՆ-ի միջև սպասվող բանակցությունների վերաբերյալ հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ հայտնել է իրանական Fars գործակալությունը՝ վկայակոչելով իրանական բանակցային խմբին մոտ կանգնած աղբյուրի։
Ավելի վաղ Axios լրատվական գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հերթական փուլը կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ շաբաթ, իսկ որպես հնարավոր վայր դիտարկվում է Շվեյցարիան։
«Այդ տեղեկությունը սխալ է և լիովին անհիմն»,- իրանական գործակալությանը հայտնել է աղբյուրը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը խնդրել է Վաշինգտոնին շարունակել բանակցությունները։ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների ֆոնին Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո ԻՀՊԿ-ն հարվածել էր Բահրեյնում և Քուվեյթում ԱՄՆ ռազմական օբյեկտներին։ Թրամփն Անկարայում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ, հայտարարել էր, որ չի ցանկանում բանակցել Իրանի հետ։ Բանակցություններից դուրս գալու մասին հայտնել էր նաև իրանական կողմը։




































