Հակակառուպցիոն դատարանը երկու ամսով երկարաձգել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքը։
Դատարանը քննում է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման ենթադրյալ դեպքի առնչությամբ հարուցված գործը, որով անցնում է Կարապետյանը։
Կարապետյանի պաշտպանները դատարանին խնդրել են վերացնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը կամ կիրառել այլընտրանքային միջոց՝ գրավ, բացակայելու արգելք կամ վարչական հսկողություն։
Պաշտպան Արամ Վարդևանյանը դատարանում հայտարարել է, որ Կարապետյանի խափանման միջոցի փոփոխման համար առաջարկված գրավի չափը մեծ է անգամ Forbes-ի ցուցակում գտնվող անձի համար։ Նրա խոսքով՝ գրավի չափը կարող են ավելացնել, սակայն այդ գումարը վաստակելը հեշտ չէ։
Դատական նիստի ժամանակ ելույթ է ունեցել նաև «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդը։ Կարապետյանը հայտարարել է, որ եկեղեցուն պաշտպանելու համար բանտախցում լինելն իր համար հպարտություն է։
«Եթե ես արժանի եմ մեր ձևով եկեղեցուն պաշտպանելու համար կալանք և բանտային խուց կրելու, նորից եմ ասում՝ ես դրա համար հպարտ եմ», — ասել է Կարապետյանը դատարանում։
Նրա խոսքով՝ մյուս երկու մեղադրանքների հետ որևէ կապ չունի, և 13 ամսա ընթացքում ու տասնյակ դատական նիստերից հետո այդպես էլ չի հասկացել, թե ինչի համար է մեղադրվում։ Կարապետյանը դատարանին կոչ է արել հետագա նիստերում ավելի խորությամբ ուսումնասիրել գործը։
Կարապետյանին կալանավորել էին 2025-ի հունիսին՝ եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Ավելի քան վեց ամիս անազատության մեջ անցկացնելուց հետո՝ 2025-ի դեկտեմբերին նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը և գրավը։
Կարապետյանի գործով դատավարությունը մեկնարկել էր ապրիլի 15-ին, ապրիլի 17-ին դատարանը 3 ամսով երկարաձգել էր նրա տնային կալանքը, ապրիլի 30-ին մերժել այն վերացնելու և վարչական հսկողություն կիրառելու միջնորդությունը։ Կարապետյանին կալանավորել էին իշխանությունը զավթելու կոչեր անելու հոդվածով, հետո նաև տնտեսական բնույթի մեղադրանքներ առաջադրել։ Կարապետյանը չի ընդունում իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները՝ դրանք համարելով քաղաքական հետապնդում։






































