ԱՄՆ-ն հունիսի 9-ի վաղ առավոտյան նոր հարվածներ է հասցրել Իրանի տարածքին, իսկ Թեհրանը պատասխանել է՝ թիրախավորելով Բահրեյնը, Քուվեյթը և Կատարը, հայտնում է Associated Press-ը։
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է, որ հարվածների վերջին փուլում Իրանում խոցվել է շուրջ 90 թիրախ։ Թիրախների թվում են ռազմական օբյեկտներ, նավահանգստային ենթակառուցվածքներ, օդանավակայանի թռիչքուղի և հրթիռային արձակման կայանքներ։ CENTCOM-ը հայտնել է, որ հարվածների նպատակն էր թուլացնել Իրանի ռազմածովային հնարավորությունները, որպեսզի իրանական կողմը չկարողանա խոչընդոտել Հորմուզի նեղուցով նավարկությանը։
Reuters-ը հայտնում է, որ հարվածների հետևանքով վնասվել են Իրանի հարավային ափի մի շարք ենթակառուցվածքներ։ Իրանական լրատվամիջոցների տվյալներով՝ պայթյունների ձայներ են լսվել երկրի հարավում և հարավ-արևելքում գտնվող Կոնարակում և Չաբահարում, հարձակման է ենթարկվել նաև Քեշմ կղզին։ Ավելի ուշ հաղորդվել է Աբու Մուսա, Լավան և Սիրի կղզիների ուղղությամբ հարվածների մասին:
AP-ի տվյալներով՝ Իրանի Խուզեստան նահանգում ԱՄՆ հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 3 մարդ։ Գործակալությունը հայտնում է նաև Իրանշահրում օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով հրշեջի մահվան մասին։ Նշվում է, որ այդ զոհերը հաջորդել են նախորդ օրվա հարվածներին, որոնց հետևանքով Իրանում զոհվել էր առնվազն 9 մարդ։
Չաբահարում ԱՄՆ հարվածներից անջատված երեք էլեկտրագծից երկուսի աշխատանքը վերականգնվել է, իսկ երրորդը պետք է շուտով գործարկվի։ Չաբահարում թիրախավորվել են երկու ծովային նավամատույց և ծովային երթևեկության վերահսկման աշտարակ, հաղորդել է The Guardian-ը։
Իրանն, իր հերթին, հայտարարել է, որ պատասխան հարվածներ է հասցրել ԱՄՆ ռազմական օբյեկտներին Բահրեյնում և Քուվեյթում։ AP-ի տվյալներով՝ Բահրեյնում առնվազն երկու անգամ ազդանշաններ են միացվել, իսկ Քուվեյթի ռազմական գերատեսչությունը հայտնել է, որ խոցում է երկրի օդային տարածք մուտք գործող անօդաչուներ և հրթիռներ։ Գործակալության տվյալներով՝ Բահրեյնում, Քուվեյթում և Կատարում վնասների մասին անմիջապես չի հաղորդվել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում գրել է, որ հարվածները պատասխան են Իրանի կողմից նավերի ռմբակոծմանը։
«Սա պատասխան է Իրանի կողմից երեկվա նավերի ռմբակոծությանը։ Եթե դա կրկնվի, ամեն ինչ շատ ավելի վատ կլինի»,- գրել է Թրամփը։
Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը X-ում գրել է, որ ԱՄՆ-ն «դեռ չի հասկացել», որ ճնշումներն ու պարտավորությունները խախտելն «այլևս առանց հետևանքների չեն մնում»։
«Պարզ ասեմ՝ եթե հարվածեք, հարված կստանաք»,- գրել է Ղալիբաֆը։
Հորմուզի նեղուցում լարվածությունը սրվել էր ԱՄՆ-Իրան բանակցությունների ֆոնին։ ԱՄՆ պաշտոնյաներն Իրանին մեղադրել էին առևտրային նավերի վրա հարձակումների մեջ, իսկ UKMTO-ն հայտնել էր Օմանի ափերի մոտ տանկերի խոցման մասին։
Հուլիսի 8-ին Թեհրանը հարվածել էր ԱՄՆ օբյեկտներին Բահրեյնում և Քուվեյթում, իսկ Վաշինգտոնն՝ Իրանում ավելի քան 80 թիրախի։ Իրանը հայտարարել էր, որ դադարեցնում է ԱՄՆ-ի հետ վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունները՝ Վաշինգտոնի սպառնալիքների և պարտավորությունների խախտման պատճառով, իսկ Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում բանակցել Թեհրանի հետ, և պայմանավորվածությունն «ավարտված է»։
Կարդացեք նաև՝
Իրանը դադարեցնում է վերջնական կարգավորման բանակցություններն ԱՄՆ-ի հետ






































