Բահրեյնում և Քուվեյթում ամերիկյան ռազմաբազաներին հասցված հարվածներն Իրանի պատասխանն էին ագրեսիային, հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին մամուլի ասուլիսի ժամանակ։ Ասուլիսը հեռարձակել է Armenia Today-ի YouTube-ալիքը։
«Այսօր լուսաբացին ևս բախումների հետևանքով թիրախավորվեցին Բահրենում և Քուվեյթում ամերիկյան ռազմաբազաները, Իրանը տվեց համապատասխան պատասխան»,- նշել է նա։
Դեսպանի գնահատմամբ՝ նման գործողությունները բանակցային գործընթացի ֆոնին պետք է դիտարկել որպես մարտավարական քայլեր, այլ ոչ թե լայնածավալ պատերազմի սկիզբ։
«Կողմերը լայնածավալ պատերազմ նախաձեռնելու միտում չեն հետապնդում։ Իրանը հստակ ցույց տվեց իր կամքը և հակառակ կողմին հասկացրեց, որ ոտնձգություններն անպատասխան չեն մնալու»,- ընդգծել է նա։
Դեսպանի խոսքով՝ ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու ճանապարհը շարունակում է մնալ բարդ։
«ԱՄՆ-ի հետ համաձայնագրի ձեռքբերման և առաջմղման ճանապարհը բարդ է և լի խոչընդոտներով։ Հաշվի առնելով, որ մենք ականատես ենք դարձել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայից ծագած մեծ պատերազմին, ինչպես նաև նրանց վայրագ և ոչ օրինական գործողություններին, նրանց համար դժվար է այլ ճանապարհով շարժվել»,- ասել է դեսպանը։
Անդրադառնալով հետագա զարգացումներին՝ Շիրղոլամին նշել է, որ հնարավոր են ինչպես լավատեսական, այնպես էլ հոռետեսական սցենարներ։
«Իրականում՝ այս գործընթացն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից նախաձեռնվել է մեկ նպատակով՝ հնարավորություն տալ վերահսկելու և հավասարակշռելու նավթի և վառելիքի միջազգային շուկայում առաջացած գնաճը, քանի որ Թրամփի վերջնական նպատակը համաձայնության հասնելը չէ, և հնարավոր են հետագա գործողություններ»,- ասել է նա։
Միաժամանակ, դեսպանի խոսքով, կա նաև տեսակետ, որ Թրամփը չի հասել իր ռազմավարական նպատակներին, զգալի վնասներ է կրել և այլևս ցանկություն չունի վերադառնալ լայնամասշտաբ պատերազմի ձևաչափին։
«Իրանն այս երկու սցենարին էլ պատրաստ է»,- նշել է նա։
Խոսելով Իրանի դիրքորոշման մասին՝ դեսպանն ընդգծել է, որ Թեհրանը խաղաղության կողմնակից է, սակայն ագրեսիան անպատասխան չի թողնի։
«Մենք վճռականորեն հայտարարում ենք, որ ցանկանում ենք տարածաշրջանում խաղաղություն ունենալ։ Մեր նպատակն է պաշտպանել ագրեսիայի ենթարկված Իրանի ժողովրդին։ Բանակցություններում մեր դիրքորոշումը վճռական է, լուրջ և նպատակներին հասնելու միտումով։ Ամեն դեպքում, եթե ընտրեն ագրեսիան, Իրանն արդեն ապացուցել է, որ երբեք գլուխ չի խոնարհի»,- եզրափակել է Շիրղոլամին։
Հուլիսի 8- ի առավոտյան ԻՀՊԿ-ն հարվածել էր ԱՄՆ ռազմական օբյեկտներին Բահրեյնում և Քուվեյթում՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո։ Թիրախների թվում էին Բահրեյնում ԱՄՆ հինգերորդ նավատորմի հետ կապված օբյեկտները և Քուվեյթի Ալի ալ-Սալեմ ավիաբազան։ Թրամփն Անկարայում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ, հայտարարել էր, որ չի ցանկանում բանակցել Իրանի հետ։




































