ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում վերահաստատել է իր դիրքորոշումը, որ կղզին պետք է անցնի Վաշինգտոնի վերահսկողության տակ, ինչը դաշնակիցների շրջանում նոր լարվածության պատճառ է դարձել, հայտնել է Reuters-ը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Թրամփը լրագրողներին հայտնել է, որ Գրենլանդիան կարևոր նշանակություն ունի ԱՄՆ-ի համար, քանի որ այն շրջապատված է չինական ու ռուսական նավերով, մինչդեռ Դանիան բավարար միջոցներ չի ծախսում տարածքին աջակցելու համար։
Այս հայտարարություններին ի պատասխան՝ Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը հորդորել է դաշնակիցներին հարգել Թագավորության ինքնիշխանությունը և ընդգծել, որ Գրենլանդիան վաճառքի ենթակա չէ։ Իր հերթին՝ Գրենլանդիայի արտաքին գործերի նախարար Մուտե Էգեդեն հայտարարել է, որ կղզու ապագան պետք է որոշի բացառապես տեղի ժողովուրդը։
Չնայած առկա տարաձայնություններին՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի փոխանցմամբ Վաշինգտոնի բանակցությունները Դանիայի և Գրենլանդիայի հետ շարունակվում են ամենամսյա կտրվածքով։
Փետրվարին Վաշինգտոնում կայացած ընդունելության ժամանակ Սպիտակ տան ղեկավարը կատակել էր, թե Գրենլանդիան կդառնա Միացյալ Նահանգների 52-րդ նահանգը՝ ընդգծելով, որ կղզի ներխուժելու մտադրություն չկա, և հարցը կհամաձայնեցվի։ Չնայած նախագահի պարզաբանմանը, որ ասվածը հումոր էր, նա նախկինում բազմիցս հայտարարել է տարածքն ԱՄՆ-ին միացնելու ցանկության մասին, ինչը Դանիայի և Գրենլանդիայի իշխանությունները կտրականապես մերժում են։





































