ՖԻՖԱ-ն հետաձգել է ԱՄՆ ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Ֆոլարին Բալոգունի որակազրկումը, ինչի շնորհիվ նա կկարողանա մասնակցել աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ փուլի Բելգիայի հավաքականի դեմ հանդիպմանը։
Բալոգունը 1/16 եզրափակչում Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի դեմ խաղում կոպիտ խախտման համար ստացել էր ուղիղ կարմիր քարտ։ Մրցաշարի կանոնակարգի համաձայն՝ նա պետք է ավտոմատ կերպով բաց թողներ հաջորդ հանդիպումը, սակայն ՖԻՖԱ-ի համապատասխան հանձնաժողովը հետաձգել էր որակազրկման կիրառումը։
Մի շարք մարզական լրատվամիջոցների տեղեկություններով՝ այդ որոշումն ընդունվել էր Սպիտակ տնից կատարված զանգից հետո։ Որակազրկման հետաձգումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցերում գրել էր․ «Շնորհակալություն ՖԻՖԱ-ին, որ ճիշտ որոշում կայացրեց և ուղղեց հսկայական անարդարությունը»։
Բելգիայի թագավորական ֆուտբոլային ասոցիացիան կտրուկ արձագանքել է ՖԻՖԱ-ի որոշմանը և բողոքարկել այն։ Ասոցիացիան հայտարարել է, որ նպատակ ունի պաշտպանել մրցաշարի բոլոր մասնակիցների օրինական իրավունքները և պահպանել արդար մրցակցության հիմնարար սկզբունքները՝ ինչպես ընթացիկ աշխարհի առաջնությունում, այնպես էլ ապագա մրցաշարերում։
Միաժամանակ՝ ՖԻՖԱ-ն Բելգիայի հավաքականին չի երաշխավորել, որ բողոքի քննության վերաբերյալ վերջնական որոշումը կընդունվի մինչև հուլիսի 7-ի գիշերը նախատեսված հանդիպման մեկնարկը։ Հաղորդվում է նաև, որ ՈւԵՖԱ-ն աջակցում է Բելգիայի դիրքորոշմանը ՖԻՖԱ-ի հետ վեճում։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ աշխարհի առաջնությունների պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ կարմիր քարտից հետո սահմանված ավտոմատ որակազրկումը հետաձգվել է արդեն խաղից հետո։
Իր հայտարարությամբ ՈւԵՖԱ-ն խիստ քննադատել է ՖԻՖԱ-ի որոշումը՝ նշելով, որ կարմիր քարտ ստացած ֆուտբոլիստի մեկ խաղով ավտոմատ որակազրկումը պարտադիր նորմ է և չի կարող մեկնաբանության կամ բացառությունների առարկա դառնալ։
«Ֆուտբոլը, ինչպես ցանկացած մարզաձև, հիմնված է կանոնների վրա, որոնք ապահովում են արդար, ազնիվ և թափանցիկ մրցակցություն։ Մեկ խաղով ավտոմատ որակազրկումը հայեցողական որոշում չէ և չի պահանջում լրացուցիչ հաստատում իրավասու մարմնի կողմից։ Այն կանոնակարգով ամրագրված սկզբունք է, որը չի կարող փոփոխվել, առավել ևս՝ մրցաշարի ընթացքում բացառություն կիրառելով, երբ նույն իրավիճակում հայտնված մյուս ֆուտբոլիստները կրել են իրենց որակազրկումը»,- ասված է հայտարարության մեջ։
ՈւԵՖԱ-ն նաև ընդգծել է, որ նման որոշումը վտանգում է մրցաշարի նկատմամբ վստահությունը և ստեղծում է նախադեպ, որի հետևանքով նմանատիպ դեպքերում բոլոր մասնակիցները կարող են պահանջել հավասար վերաբերմունք։
«Ֆուտբոլն աշխարհի ամենասիրված մարզաձևն է, քանի որ այն հիմնված է բոլորի համար նույն կանոնների վրա։ Երբ այդ կանոնների պահպանման երաշխավորները դադարում են լինել դրանց երաշխավորը, վտանգվում են թե՛ խաղի արդարությունը, թե՛ մրցաշարի նկատմամբ վստահությունը»,- նշվում է ՈւԵՖԱ-ի հայտարարության մեջ։






































