«Հայաստան» դաշինքը հայտնել խորհրդարանական մանդատները վերցնելու և պայքարի նոր փուլ սկսելու մասին։ Դաշինքն այս մասին հայտնել է իր տարածած հայտարարության մեջ։
Դաշինքն ընդգծել է, որ Սահմանադրական դատարանի որոշումը չի սրբագրում ընտրական կեղծիքները, և վերարտադրված վարչախումբը շարունակում է մնալ զուրկ լեգիտիմությունից։ Միևնույն ժամանակ, ընդդիմությունը շեշտում է, որ իրենց տրված ավելի քան 550 000 քաղաքացու քվեն խիստ պարտավորեցնող է։
«Մեզ համար պատգամավորական կարգավիճակը պաշտոն կամ հարմարավետություն չէ։ Այն լրացուցիչ գործիք է, իրավական ու քաղաքական գործիքակազմ և ամենօրյա հակազդեցության հնարավորություն։ Մանդատը զենք է, և դրանից կամավոր հրաժարվելը կլինի անպատասխանատվություն մեր պետության և մեր ընտրողների հանդեպ»,- ասված է հայտարարության մեջ։
«Հայաստան» դաշինքը հստակեցրել է այն հիմնարար ուղղությունները, որոնց շուրջ ծավալելու է իր գործունեությունը խորհրդարանում, որոնք են՝
- Սահմանադրական փոփոխությունների կանխում՝ խորհրդարանական ամբողջ գործիքակազմով և հանրային մոբիլիզացիայով հակազդել մայր օրենքը փոխելու և ՀՀ ինքնիշխանությանը հարվածելու ցանկացած փորձի։
- Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու պաշտպանություն՝ պատգամավորական լիազորությունները ծառայեցնել ազգային արժեքների և եկեղեցու դեմ ուղղված արշավների կանխմանը։
- Գերիների և քաղբանտարկյալների իրավունքներ՝ մանդատների օգտագործում թե՛ ներքին, թե՛ միջազգային հարթակներում՝ քաղաքական հետապնդումների ենթարկվողների և Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման համար։
- Գործող վարչախմբի հեռացում․ դաշինքն այս կետը որակում է որպես իր գլխավոր քաղաքական հրամայական, որին պետք է ծառայեն խորհրդարանական մանդատները։
Ամփոփելով հայտարարությունը՝ քաղաքական ուժը նշում է, որ ընտրությունների արդյունքներով հաջողվել է գործող իշխանությանը զրկել սահմանադրական մեծամասնությունից, ինչը հնարավորություն է տալիս ձևավորել համազգային դիմադրության օրակարգ։
Դաշինքի փոխանցմամբ՝ ՍԴ որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ դրա նոր՝ ավելի համակարգված փուլի սկիզբը, և իրենք շարունակելու են գործել ինչպես խորհրդարանում, այնպես էլ դրանից դուրս։
Սահմանադրական դատարանը հուլիսի 4-ին մերժել էր ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին ընդդիմադիր քաղաքական ուժերի դիմումները։ ՍԴ դիմած 7 քաղաքական ուժից 5-ը հայտարարել էր գործող իշխանությունների դեմ համատեղ գործողությունների և միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու մասին։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական արդյունքներով՝ 18 քաղաքական ուժից ԱԺ են անցել «Քաղաքացիական պայմանագիրը» (64 մանդատ), «Ուժեղ Հայաստանը» (29 մանդատ), «Հայաստան» կուսակցությունների դաշինքը (12 մանդատ):

































