Հուլիսի 6-ին Երկիր մոլորակը կանցնի իր ուղեծրի աֆելիայի կետով՝ գտնվելով Արեգակից տարվա ընթացքում ամենամեծ հեռավորության վրա, ինչի հետևանքով նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը, հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը:
Մեր մոլորակի ուղեծիրը կատարյալ շրջանաձև չէ, այլ ունի էլիպսաձև կառուցվածք:
Այդ պատճառով Երկիրը յուրաքանչյուր տարի մոտավորապես նույն ժամանակահատվածում մեկ անգամ առավելագույնս մոտենում է Արեգակին (հունվարին՝ պերիհելիում) և մեկ անգամ առավելագույնս հեռանում նրանից (հուլիսին՝ աֆելիա):
Մասնավորապես, նրա խոսքով, 2026 թվականի հուլիսի 6-ին Երկիրը Լուսատուից կգտնվի 152 093 251 կիլոմետր (կամ 1.0167 աստղագիտական միավոր) հեռավորության վրա։
Այս դիրքում Երկրի ուղեծրային արագությունը կնվազի մինչև վայրկյանում 29.27–29.29 կիլոմետր, մինչդեռ պերիհելիում այն աճում է մինչև վայրկյանում 30.27–30.29 կիլոմետր: Բացի այդ, հուլիսի 6-ին Արեգակի տեսանելի անկյունային տրամագիծը նույնպես կլինի տարվա ընթացքում ամենափոքրը։ Շարժման արագության այս փոփոխությունը պայմանավորված է Կեպլերի երկրորդ օրենքով, որի համաձայն մոլորակները Արեգակին ավելի մոտ գտնվելիս շարժվում են ավելի արագ, իսկ նրանից հեռանալիս՝ ավելի դանդաղ։

































