«Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Լիլիթ Գալստյանը կոչ է արել ԵԱՀԿ ԽՎ-ին Բաքվից պահանջել ապօրինաբար կալանավորված բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը։
Գալստյանը ելույթ է ունեցել Հաագայում հուլիսի 4-ից 8-ը տեղի ունեցող ԵԱՀԿ ԽՎ 33-րդ վեհաժողովում։
Իր ելույթում պատգամավորը հայտարարել է, որ միջազգային հանրության պատասխանատվությունները չպետք է սահմանափակվեն միայն տեղի ունեցող զարգացումները փաստագրելով կամ դրանք մերժելով։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի կողմից իրականացված Արցախի էթնիկ զտումը և Արցախի պատմամշակութային ժառանգության շարունակական ոչնչացումը հետևանք են միջազգային հանրության կողմից անհրաժեշտ քայլերի բացակայության։
Գալստյանը նաև հայտարարել է, որ ՀՀ խորհրդարանական ընտրությունները ներկայացվում էին որպես աշխարհաքաղաքական ընտրության համար պայքար։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, հայ ընտրողների մեծամասնությունը մերժել է Հայաստանին պարտադրվող զիջումները, «ժողովրդավարության դեմ իրականացված հանցագործությունները», խորացող բռնապետական ռեժիմը, քաղաքական ձերբակալություններն ու քաղաքական հետապնդումները, ինչպես նաև, նրա պնդմամբ, Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ հակասահմանադրական հարձակումները։
Այս կապակցությամբ պատգամավորը կոչ է արել ԵԱՀԿ ԽՎ-ին Հայաստանում իրականացնել «ժողովրդավարության» մոնիտորինգ, Բաքվից պահանջել ապօրինաբար կալանավորված բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը, ապահովել Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պաշտպանությունը և վերահաստատել նրա բնիկ բնակչության երաշխավորված վերադարձի իրավունքը։
«Սա պարզապես բարոյական հրամայական չէ, այլ նաև իրավական պարտավորություն», - հայտարարել է Գալստյանը։
































