Ռուս թենիսիստուհի Ալինա Չարաևան փոխել է մարզական քաղաքացիությունը և այժմ կներկայացնի Հայաստանը միջազգային մրցաշարերում, հայտնում է «Կերոն» զարգացման հիմնադրամը։
Ըստ հիմնադրամի՝ Չարաևան միացել է «Կերոն»-ի «Տաղանդների ֆոնդ» ծրագրին։ Նշվում է, որ երկարատև աշխատանքի և բանակցությունների արդյունքում՝ «Կերոն» զարգացման հիմնադրամի և Հայաստանի թենիսի ֆեդերացիայի աջակցությամբ, Չարաևան արդեն ստացել է ՀՀ քաղաքացիություն և այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո։
«Ի դեմս WTA վարկանիշային աղյուսակում 118-րդ հորիզոնականը զբաղեցնող Չարաևայի՝ Հայաստանը միջազգային թենիսում ձեռք է բերում ևս մեկ ուժեղ և հեռանկարային մարզուհի՝ նպաստելով մեր երկրի առավել տեսանելի և մրցունակ ներկայությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
2024 թվականի օգոստոսին WTA-ն հայտնել էր, որ 21-ամյա թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը մարզական քաղաքացիությունը ռուսականից փոխել է հայկականի։ Օգոստոսին թենիսիստուհին հայկական անձնագիր էր ստացել Իսպանիայում Հայաստանի դեսպանատանը։




































