Երևանը հուլիսի 1-ից անցնում է նոր գրաֆիկով ջրամատակարարման, հայտարարել է «Վեոլիա ջուր» ընկերությունը։
Ըստ հաղորդագրության՝ 2,5 ամիս մայրաքաղաքի մեծ մասում ջրամատակարարումը կիրականացվի 17-19-ժամյա գրաֆիկով։ Որոշ շրջաններում կլինի շուրջօրյա ջրամատակարարում։ Ընկերությունը հրապարակել է անջատումների ռեժիմն ըստ հասցեների։
«Վեոլիա ջուրը» փետրվարի 23-ին հրապարակել էր ջրամատակարարման գրաֆիկը, ըստ որի՝ մայիսի 1-ից սեպտեմբերի 16-ը Երևանում և հանրապետության ամբողջ տարածքում նախատեսվում էր ջուր մատակարարել օրական 17 ժամ (07:00-24:00)։ Սահմանափակումները պետք է անդրադառնային մայրաքաղաքի բոլոր 12 վարչական շրջանների բազմաթիվ հասցեների վրա։
Ընկերությունը պատճառաբանել էր, որ նման քայլը պայմանավորված է ամռան ամիսներին ջրի սպառման ծավալների աճով, տասնյակ հազարավոր նոր սպառողների միացմամբ, ջրաղբյուրների ջրատվության նվազմամբ (շուրջ 24%-ով), ինչպես նաև գիշերային ժամերին ջրի կորուստները կանխելու անհրաժեշտությամբ։
Հրապարակումը հասարակության և լրատվամիջոցների կողմից արժանացել էր կտրուկ բացասական արձագանքի։
Փետրվարի 25-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել էր, որ գրաֆիկը կասեցվել է կառավարությունում շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ կայացած քննարկման արդյունքում։





































