Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Իրանի նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին քննարկել են Հայաստան–Իրան սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Մասնավորապես, երկրորդ կամրջի և նոր տերմինալի կառուցման, մաքսային ոլորտում համագործակցության հետևողական զարգացման ու մաքսային ընթացակարգերին վերաբերող հարցեր։ Երկուստեք կարևորվել է էներգակիրների ոլորտում փոխգործակցության զարգացումը։
Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև ճանապարհաշինական համատեղ ծրագրերին, ինչպես նաև գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանը միտված քայլերը։
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման գործընթացների և նոր հնարավորությունների շուրջ։
Փաշինյանը կարևորել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդումը և վստահություն հայտնել, որ այն կնպաստի ողջ տարածաշրջանում հարաբերությունների և համագործակցության հետևողական զարգացմանը:
Փուրմոհամմադին Փաշինյանին է փոխանցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի ջերմ ողջույնները և շնորհակալություն հայտնել դժվարին իրավիճակում Իրանի նկատմամբ Հայաստանի կառավարության ցուցաբերած դիրքորոշման և մարդասիրական աջակցության համար։






































