Երևանի ավագանու այսօրվա՝ հունիսի 23-ի նիստն ընդմիջվել է կես ժամով՝ ստեծված ծեծկռտուքի պատճառով։ Նիստի ուղիղ եթերը հեռարձակել է Armenia Today-ի YouTube-յան ալիքը:
Իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև վիճաբանությունը սկսվել է այն բանից հետո, երբ հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների շուրջ ելույթների ժամանակ ավագանու անդամները սկսել են տեղից միջամտել ու խոսել։
Քննարկման ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ, փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը պահանջել է, որ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը լքի դահլիճը՝ մեջբերելով «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանին ուղղված դավաճանության մեղադրանքները։
Ստեփանյանը պատասխանել է՝ նշելով, որ այդ մեղադրանքները հաստատող դատարանի որոշում չկա։
Նիստը վարող քաղաքապետի տեղակալ Փամբուխչյանը հրահանգել է ընդդիմության ներկայացուցիչներին տեղից չմիջամտել՝ անելով «դավա՛յ ստուց», «դո՛ւրս եկեք մի հատ», «տեղից ելույթների ժամանակ վեր-վեր չթռնե՛ք» և այլ կոպիտ արտահայտություններ։
Դրանից հետո ընդդիմադիր և իշխանամետ ավագանու անդամները տեղից վեր են կացել, սկսել վիճել, իրար վրա նետել ջրի շշերը։
Ավելի ուշ նրանց միացել են նաև ավագանու կին անդամները՝ ի դեմս Անի Խաչատրյանի, բացատրելով իր գործողությունները նրանով, որ իրեն «Մայր Հայաստան»-ի անդամը ասել է՝ «վե՛ր ընկի տեղդ»։ Նա նշել է որ չի հիշում այն կնոջ անունը որի վրա շիշ է նետել և ջուր լցրել։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը միջամտել է ծեծին, փորձել մեղմել իրավիճակը, սակայն ավագանու ամդամները չեն դադարեցրել վեճը։
«Մի՛ ասեք «արա՛», հանգի՜ստ, հանգի՜ստ»,- կոչ է արել քաղաքապետը։
Ըստ ստացված կադրերի ու տեղեկությունների՝ լուրջ վիրավորումներ ու զոհեր չկան։





































