Հորմուզի նեղուցով անցումն անվտանգ և առանց վճարի կլինի, հայտնել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին X-ի իր էջում։
Օմանի ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն՝ ալ-Բուսաիդին Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆի և ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ համաձայնեցրել է տարածաշրջանային անվտանգության և Հորմուզի նեղուցում ու միջազգային ջրուղիներում ծովային նավագնացության անվտանգության պահպանմանն ուղղված ջանքերը։
«Մենք հաստատել ենք հավատարմությունը միջազգային իրավունքին և անվտանգ անցմանը՝ առանց վճարի»,- գրել է Օմանի ԱԳ նախարարը։
ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունն Իրանի դեմ փետրվարի 28-ին զգալիորեն խաթարել էր նավագնացությունը Հորմուզի նեղուցում։ Իրանը հայտարարել էր նեղուցի փակման մասին, ինչպես նաև սկսել էր անցման վճար գանձել։ Իրանում նաև հայտարարել էին Հորմուզի նեղուցի նկատմամբ լիակատար վերահսկողության մասին։ Հորմուզի փակումը հանգեցրել էր նավթի պաշարների կրճատման։




































