Հունգարիայի նախագահ Թամաշ Շույոկն ստորագրել է Սահմանադրության 16-րդ փոփոխությունը, որը սահմանափակում է վարչապետի պաշտոնավարման ժամկետները, հայտնել է ՌԲԿ-ն:
Ըստ որոշման՝ նախկին վարչապետ Վիկտոր Օրբանն օրենսդրորեն զրկվում է կառավարության ղեկավարի պաշտոնին վերադառնալու հնարավորությունից։
Նոր դրույթների համաձայն՝ վարչապետի պաշտոնում չի կարող ընտրվել այն անձը, ով նախկինում, ընդհանուր առմամբ, (այդ թվում՝ ընդհատումներով) առնվազն 8 տարի զբաղեցրել է այն։ Ժամկետի հաշվարկն սկսվում է 1990 թվականի մայիսի 2-ից հետո սկսված պաշտոնավարումներից։
Սահմանադրական փոփոխությունը նախաձեռնել է իշխող «Տիսա» կուսակցությունը, և խորհրդարանն այն հաստատել է հունիսի 15-ին՝ նպատակ ունենալով պաշտպանել ժողովրդավարության և իրավունքի գերակայության սկզբունքները։
Օրբանի գլխավորած «Ֆիդես» կուսակցությունը քննադատել է որոշումը՝ հայտարարելով փոփոխությունների «անձնավորված կողմնակալության» և օրենքի հետադարձ ուժի կիրառման անթույլատրելիության մասին։
Օրբանը Հունգարիայի վարչապետի պաշտոնն զբաղեցրել է 1998-2002 թվականներին և 2010-2026 թվականներին։ 2026 թվականի ապրիլին կայացած խորհրդարանական ընտրություններում նրա կուսակցությունը պարտվել էր «Տիսային», ինչից հետո երկրի վարչապետ է դարձել Պետեր Մադյարը։
Նշենք, որ հենց Օրբանի պաշտոնավարման օրոք էր Հունգարիան Ադրբեջանին արտահանձնել ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին, որը Բուդապեշտում ցմահ դատապարտվել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարելու համար։ Ադրբեջան վերադառնալուց անմիջապես հետո Սաֆարովն արժանացել էր հերոսի կոչման։




































