Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) Ադրբեջանին պարտադրել է 90 000 եվրո վճարել Արցախում խոշտանգված և սպանված զինծառայողի ընտանիքին, հայտնում է Deutsche Welle-ն։
Ադրբեջանը պարտավորեցվում է որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում 60 000 եվրո վճարել զինծառայողի ծնողներին և 30 000 եվրո նրա քրոջը։ Բացի այդ, դատարանը սահմանել է 14 210 եվրո՝ դատական և այլ ծախսերի համար։
Գործը վերաբերում է հայ զինծառայող Հ.Տ.-ի ընտանիքի բողոքին։ Դիմումատուները պնդել են, որ Հ.Տ.-ն գերեվարվել է ադրբեջանական ուժերի կողմից այն պահին, երբ արդեն չէր կարող մասնակցել մարտական գործողություններին, այնուհետև խոշտանգվել, անդամահատվել և սպանվել է։ Ընտանիքը նաև նշել է, որ չի կարողացել վերադարձնել նրա մարմնի բացակայող մասերը և պատշաճ հուղարկավորություն կազմակերպել, ինչի հետևանքով կրել է ծանր հոգեկան տառապանք։
Եվրոպական դատարանն արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի՝ կյանքի իրավունքի, ինչպես նաև 3-րդ հոդվածի՝ խոշտանգումների արգելքի խախտում։ Դատարանը նաև ճանաչել է 3-րդ հոդվածի խախտում դիմումատուների անձնական տառապանքների մասով։
ECHR-ի հաղորդագրության համաձայն՝ նույնանման պնդումներով ևս 21 դիմում այժմ գտնվում է դատարանի վարույթում։
Ապրիլյան 2016 թվականի քառօրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը լայնածավալ հարձակում էր սկսել արցախա-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով ժամանակակից սպառազինություն, այդ թվում՝ հրետանային, հրթիռային, զրահատանկային և օդային հարվածային միջոցներ։ Ապրիլի 2-5-ը հայկական կողմը տվել էր 75 զոհ, այդ թվում՝ 63 զինծառայող և 12 պահեստազորային, ինչպես նաև 121 վիրավոր։
Ադրբեջանական կողմի գործողությունների ընթացքում արձանագրվել էին հայ զինվորականների և քաղաքացիական անձանց գլխատված, անդամահատված և անարգված մարմինների դեպքեր։
Կարդացեք նաև՝
Արդեն անտանելի է լսել 2016-ի ապրիլյան քառօրյայի մասին տարբեր մեկնաբանությունները․ Սենոր Հասրաթյան






































