ԱՄՆ զինված ուժերը գաղտնի գործողությամբ կազմակերպել են նավից նավ նավթի տասնյակ փոխաբեռնումներ՝ ապահովելու համար Պարսից ծոցի երկրների էներգակիրների արտահանումը, հայտնում է Reuters-ը։
Գործողությունն իրականացվում է Հորմուզի նեղուցի մերձակայքում և հիմնված է փոխաբեռնման մեթոդի վրա, որը Իրանը երկար ժամանակ կիրառել է պատժամիջոցները շրջանցելու համար։ Այդ նպատակով օգտագործվել են անօդաչու թռչող և ջրային սարքեր, ինչպես նաև ուղղաթիռներ, որոնք ուղեկցել են նավերի շարասյունները դեպի սպասող տանկերներ։
Reuters-ի աղբյուրների փոխանցմամբ՝ նավթի փոխաբեռնումներն իրականացվում են երկու կետում՝ Արաբական Միացյալ Էմիրությունների Ֆուջեյրա քաղաքի ափերի մոտ և Օմանի Սոհար նավահանգստի շրջանում։
Նշվում է, որ նավթը խոշոր տանկերների վրա վերալցվել է արդեն ամենավտանգավոր հատվածից դուրս։ Այս մեթոդը երկար ժամանակ օգտագործվել է Իրանի կողմից պատժամիջոցները շրջանցելու համար, իսկ ԱՄՆ-ն սկսել է այն կիրառել Ծոցից նավթի արտահանումը պահպանելու նպատակով՝ նեղուցի փաստացի փակման ֆոնին։
Սխեմայի համաձայն՝ տանկերները շարժվել են դեպի նեղուցից առաջ գտնվող հանդիպման կետ, այնուհետև անցել են մոտ 3000-4000 մետր միջակայքով՝ անջատված տրանսպոնդերներով և թույլ լուսավորությամբ։ Նեղուցն անցնելուց հետո դրանք մոտեցել են խոշոր VLCC տանկերներին, իսկ վերալցումը տևել է 24-40 ժամ։
Մայիսի սկզբից գործողություններին մասնակցել է առնվազն 92 նավ, տանկերներն ընթացել են անջատված տրանսպոնդերներով և թույլ լուսավորությամբ, իսկ հունիսի 9-ին Իրանի կողմից խոցված Apache ուղղաթիռը, Reuters-ի աղբյուրների տվյալներով, ներգրավված էր այս առաքելությունում։
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հերքում է զինվորականների մասնակցությունն այդ գործողությանը։
Վերալցումներին մասնակցել են ԱՄԷ-ի և Քուվեյթի հետ կապված տանկերներ, այդ թվում՝ ADNOC-ի և Kuwait Oil Tanker Company-ի նավերը։ Reuters-ը նաև հիշատակում է հունական Dynacom Tankers Management օպերատորին, Չինաստանը՝ որպես բեռների մի մասի նշանակման վայր, և Հնդկաստանը՝ որպես շրջան, որի մոտ նկատվել է նավերից մեկը։
Թետրվարի 28-ից ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունն Իրանի դեմ զգալիորեն խաթարել է նավագնացությունը Հորրմուզի նեղուցում։ Իրանը հայտարարել է դրա փակման մասին, ինչպես նաև սկսել է վճար գանձել նեղուցով անցնելու համար։ Իրանում նաև հայտարարել են նեղուցի նկատմամբ լիակատար վերահսկողության մասին, ինչի հետևանքով նվազել են նավթի համաշխարհային պաշարները։






































