Եվրամիությունը Թբիլիսիից պահանջում է «քանդել սեփական երկիրը»՝ Վրաստանին կոչ անելով իր վիզային քաղաքականությունը համապատասխանեցնել ԵՄ վիզային քաղաքականությանը, գրում է Վրաստանի Հանրային հեռուստաընկերությունը, հղում անելով Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիին։
Նրա խոսքով՝ դա նշանակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանում։
«Մեզանից պահանջում են քանդել սեփական երկիրը՝ ասելով, որ մենք պետք է մեր վիզային քաղաքականությունը համապատասխանեցնենք Եվրամիության վիզային քաղաքականությանը, այսինքն՝ պատժամիջոցներ սահմանենք Ռուսաստանի դեմ»,- նշել է Պապուաշվիլին։
Նա հայտարարել է, որ Վրաստանի կառավարությունը չի կարող քանդել երկիրը միայն այն պատճառով, որ Բրյուսելն այսօր ցանկանում է վիզային քաղաքականությունը դարձնել քաղաքական գործիք։
Պապուաշվիլիի խոսքով՝ խոսքը դիվանագիտական անձնագրերի համար վիզային ռեժիմ սահմանելու մասին է։ Նա հայտարարել է, որ վիզային ռեժիմի սահմանումը Եվրամիության կողմից միջազգային համաձայնագրի խախտում էր։
«Եվրամիությունը Վրաստանի նկատմամբ միջազգային իրավունքի խախտող է, ինչն ինքնին հսկայական ամոթ է։ Մենք տեսնում ենք, որ Բրյուսելում ամոթի զգացում գրեթե չի մնացել»,- ասել է Պապուաշվիլին։
Նրա խոսքով՝ երբ ԵՄ-ում հասկացել են, որ դա միջազգային իրավունքի խախտում է, Վրաստանի համար հատուկ լրացուցիչ կանոններ են սահմանել։
Պապուաշվիլին պնդել է, որ տեխնիկական բնույթ ունեցող գործող չափանիշներին ավելացվել են քաղաքական աննախադեպ չափանիշներ։
«Նրանք հատուկ Վրաստանի համար լրացուցիչ կանոններ են սահմանել։ Գործող տեխնիկական բնույթի չափանիշներին ավելացրել են քաղաքական չափանիշներ, որոնք երբեք չեն եղել ԵՄ-ի, վիզային և առանց վիզայի ռեժիմների ողջ պատմության ընթացքում»,- հայտարարել է նա։
Չնայած Թբիլիսին հայտարարում է, որ շարունակում է հետևել եվրաինտեգրման ուղուն, սակայն փետրվարին Պապուաշվիլին մեղադրել էր ԵՄ-ին «գաղութային մտածելակերպի» և շանտաժի մեջ՝ հավելելով, որ իրենց անդակմակցությունը ԵՄ-ին ինքնանպատակ չէ։
Եվրամիության դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասն ապրիլի 22-ին հայտարարել էր, որ միության 26 անդամ պետություններ պատրաստ են աջակցել Վրաստանի դեմ պատժամիջոցների սահմանմանը, սակայն մեկ երկիր արգելափակում է այդ գործընթացը։





































