Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստացել է 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմում, հայտնում է ԿԸՀ-ն։
Դիմումները ներկայացրել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Միասնության թևեր» կուսակցության և «Հայաստան» դաշինքի վստահված անձինք ու թեկնածուները։ Ընդհանուր առմամբ՝ տարածքային ընտրական հանձնաժողովներն ստացել են 30 դիմում։
ԿԸՀ-ն ընդգծել է, որ վերահաշվարկը կանցկացվի ուղիղ հեռարձակմամբ և հավելել, որ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ որևէ դիմում չի ներկայացվել։
Հունիսի 7-ին Հայաստանում անցկացվել են Ազգային ժողովի ընտրություններ, որոնց մասնակցել է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ Ընտրությանը, ԿԸՀ նախնական տվյալներով, մասնակցել է 1 477 736 (58,94%) մարդ՝ 2 503 976 ընտրողից: ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ անցողիկ շեմը հաղթահարել է քաղաքական երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» (49,825%), «Ուժեղ Հայաստան» դաշինքը (23,281%) և «Հայաստան» դաշինքը (9,934%)։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը նախնական արդյունքով չի հաղթահարել անցողիկ 4%-ի շեմը, վերահաշվարկ է պահանջել։ Վերջնական արդյունքը կհրապարակվի հունիսի 14-ին՝ ինքնաշխատ եղանակով վերահաշվարկներից հետո։
«Ուժեղ Հայաստանը» հայտարարել էր, որ ԿԸՀ տվյալները չեն արտացոլում ընտրությունների իրական արդյունքները։ Ընդդիմությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրել էր իշխանության յուրացման փորձի և ԿԸՀ-ին ճնշելու մեջ։
Կարդացեք նաև՝
Ի՞նչ խախտումներ են արձանագրվել ընտրատեղամասերում




































