Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) չի հատում ՀՀ խորհրդարան անցնելու անհրաժեշտ 4%-ի շեմը, հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Վահագն Հովակիմյանը։
Հովակիմյանը, պատասխանելով Armenia Today-ի հարցին, թե ինչո՞ւ են փոխվել կուսակցության տվյալները հայտարարելուց րոպեներ առաջ, պարզաբանել է, որ նախնական արդյունքների համաձայն՝ ԲՀԿ-ն գերազանցել էր շեմը, քանի որ համակարգը կլորացրել էր նրա արդյունքները։
Բացի այդ, ըստ Հովակիմյանի, արդյունքների մեջ ներառված չէին էլեկտրոնային քվեարկության արդյունքները։ Տվյալների վերջնական պատկերի վրա ազդեցություն է ունեցել նաև էլեկտրոնային քվեարկության արդյունքների ներառումը։
Նա չի բացառել, որ ձայների վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոփոխվել։ Հանձնաժողովի ղեկավարի խոսքով՝ ԲՀԿ-ն մոտ է ընտրական շեմին, և վերջնական արդյունքները ձայների վերահաշվարկից հետո իրավիճակը պարզ կդառնա։
Armenia Today-ի հարցին, թե ինչպե՞ս են չեզոքացնելու վերահաշվարկի ժամանակ հնարավոր ռիսկերը, Հովակիմյանն ասել է, որ քաղաքացիները կարող են առցանց հետևել, լրագրողները գնալ այդ ընտրատարածքներ ու վերահսկել, քաղաքական ուժերի վստահված անձինք կարող են գնալ այնտեղ ու ներկա լինել ամբողջ գործընթացին, վերահսկել, դիտորդները՝ այդ թվում տեղական, միջազգային, բոլորը այնտեղ լինելու են։
«Հորդորում եմ, որ քաղաքական ուժերն իրենց վստահված անձանց անպայման ուղարկեն, որ մեկական վստահված անձ ընտրատարածքներում վերահաշվարկի ժամանակ ունենա»,- շեշտել է նա։
ՀՀ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են հունիսի 7-ին: Ընտրություններին մասնակցել է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք: Գործընթացին հետևել են 13 տեղական և 8 միջազգային առաքելություններ, ինչպես նաև դիվանագիտական առաքելությունների և օտարերկրյա ընտրական մարմինների ներկայացուցիչներ:




































