Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը հունիսի 7-ի ընտրություններից առաջ հայտարարություն է տարածել և կոչ արել ընտրել այն քաղաքական ուժերին, որոնք կարող են կանգնեցնել աղետը և Հայաստանի Հանրապետության համար ապահովել իրապես խաղաղ ու արժանապատիվ ապագա:
Դանիելյանն անընդունելի է համարել ազգային ինքնության, պատմական հիշողության և հոգևոր արժեքների դեմ իրականացվող քաղաքականության քարոզչությունը, ինչպես նաև Արցախի հիմնախնդրի նսեմացումն ու ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից դուրս մղելու փորձերը։
Նա նշել է, որ ընտրությունների արդյունքները վճռորոշ նշանակություն կունենան Հայաստանի պետականության, ազգային անվտանգության և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար։
Արցախի ԱԺ նախագահը մտահոգիչ է համարել վարչական ռեսուրսի կիրառումը, ատելության քարոզը, որից զերծ չեն մնացել նաև արցախցիները, որոնց նկատմամբ ատելության սերմանումն ու պառակտման նկրտումները շարունակվել և ավելի են սաստկացել։
«Համոզված եմ, որ ինչպես այս ընտրություններին մասնակցող արցախահայությունը, այնպես էլ մեր հայրենակիցների ճնշող մեծամասնությունը տարբերում են ճշմարտությունը ստից, կեղծիքից ու աճպարարությունից, մեռելային լռությունը՝ իրական խաղաղությունից, օտարների ու թշնամիների նկատմամբ ծառայամտությունը՝ համագործակցությունից, տգետ արկածախնդրությունը՝ քաղաքականությունից»,- նշել է նա։
Դանիելյանը նաև պատրաստակամություն է հայտնել համագործակցել նոր իշխանությունների հետ՝ հանուն արցախահայության իրավունքների պաշտպանության, մեր ողջ ժողովրդի բարգավաճման ու Հայաստանի Հանրապետության զորացման։
Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ։



































