Իսրայելն ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների ընթացքում գաղտնի կերպով էլիտար ռազմական և հետախուզական ստորաբաժանումներ է տեղակայել Ադրբեջանի հարավում։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է CNN-ը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ իսրայելական ուժերը տեղակայվել են Իրանի հյուսիսային սահմանի մերձակայքում՝ Թավրիզ քաղաքից մոտ 100 կիլոմետր հեռավորության վրա։ Նշվում է, որ պատերազմի ընթացքում Իսրայելը հարվածներ է հասցրել նաև Թավրիզին։
CNN-ի աղբյուրների պնդմամբ՝ հատուկ նշանակության ստորաբաժանումներն զբաղվել են հետախուզական տվյալների հավաքագրմամբ և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գործողություններով, ինչն Իսրայելին հնարավորություն է տվել վերահսկել Իրանի հյուսիսային շրջանները։
Լրատվամիջոցը նշում է, որ Ադրբեջանում իրականացված գործողությունը Մերձավոր Արևելքում Իսրայելի գաղտնի ռազմական ենթակառուցվածքների ավելի լայն ցանցի մի մասն է, որը ներառում է նաև Իրաքը, ԱՄԷ-ն և Սոմալիլենդը։ Սկզբնական շրջանում այդ ուժերը նախատեսված էին որպես արտակարգ իրավիճակներում կիրառվող փրկարարական խմբեր, սակայն հետագայում դրանց գործառույթներն ընդլայնվել են՝ ներառելով ռազմական և հետախուզական առաջադրանքներ։
Աղբյուրներից մեկի փոխանցմամբ՝ Ադրբեջանում իրականացված առաքելությանը մասնակցել է մի քանի տասնյակ զինծառայող, այդ թվում՝ Իսրայելի հատուկ գործողությունների ուժերի ներկայացուցիչներ, էլիտար ուղղաթիռային մարտական և փրկարարական ստորաբաժանման զինծառայողներ, ինչպես նաև «Մոսադի» աշխատակիցներ։
ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատունը հերքել է երկրի տարածքը երրորդ պետությունների դեմ ռազմական գործողությունների համար օգտագործելու մասին տեղեկությունները։ CNN-ը հարցումներ է ուղարկել նաև Իսրայելի վարչապետի գրասենյակ և Իսրայելի պաշտպանության բանակ։
Իրաքի բանակը, սակայն, հայտարարել է, որ երկրի տարածքում չկան չարտոնված ռազմական բազաներ կամ օտարերկրյա ուժեր։ CNN-ը հիշեցնում է նաև, որ Իրանի հետ պատերազմի ընթացքում Իսրայելը գաղտնի կերպով ԱՄԷ-ում տեղակայել էր Iron Dome հակաօդային պաշտպանության համակարգի մարտկոց և դրա սպասարկումն իրականացնող անձնակազմ։ Այդ մասին ավելի վաղ հայտնել էր Axios-ը։ Միաժամանակ ԱՄԷ իշխանությունները հերքել էին նման տեղեկությունները։
Լրատվամիջոցի աղբյուրների համաձայն՝ Իսրայելը վաղուց է դիտարկում Ադրբեջանը որպես ռազմավարական գործընկեր Իրանի հետ դիմակայության համատեքստում։ Նշվում է, որ գործողության նախապատրաստական աշխատանքներն սկսվել էին առաջին հարվածներից մի քանի շաբաթ առաջ։
Հաղորդվում է նաև, որ հունվարի կեսերին, Իրանում բողոքի ակցիաների ճնշման ֆոնին, Իսրայելը ծրագրել էր ադրբեջանա-իրանական սահմանի երկայնքով տեղադրել լսողական և հետախուզական սարքավորումներ։
CNN-ի աղբյուրների պնդմամբ՝ գործողությունը նախատեսվում էր իրականացնել հունվարին՝ Իրանի դեմ առաջին հարվածների քողի տակ, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին պահին չեղարկել էր այդ հարվածները՝ հայտարարելով, որ Թեհրանը համաձայնել է դադարեցնել ցուցարարների նկատմամբ բռնությունները։ Դրանից հետո, ըստ աղբյուրների, Իսրայելը շարունակել է գործողությունն ինքնուրույն։






































