«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ «Տաշիր» կարի ֆաբրիկայի 150 աշխատակից Քննչական կոմիտե ներկայանալու մասին ծանուցումներ է ստացել։ Նրա խոսքով՝ նման գործողությունները կարելի է որակել որպես նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչական ռեսուրսի կիրառում։
Քաղաքական գործիչն այս մասին հայտարարել է՝ պատասխանելով Armenia Today-ի թղթակցի հարցին, որը վերաբերում էր հանրապետության մարզերից ստացվող խախտումների մասին ահազանգերին։
«Եթե վաղը «Տաշիրի» կարի ֆաբրիկայից 150 անձի՝ կարողներին, այսինքն՝ ղեկավարներին չէ, կարողներին՝ շոր կարողներին, ծանուցում են ուղարկել, հրավիրել են Քննչական, հիմա դա ի՞նչ է՝ վարչական ռեսո՞ւրս»,- հայտարարել է Կարապետյանը։
Դաշինքի առաջնորդն ընդգծել է, որ Քննչական կոմիտեի ծանուցագրերն ուղարկվել են ոչ թե ֆաբրիկայի ղեկավարությանը, այլ անմիջապես 150 շարքային դերձակի, ինչը, ըստ նրա, ահաբեկման ուղղակի փորձ է։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ի իր ասուլիսի ժամանակ պատասխանելով Armenia Today-ի՝ քաղաքացիներին իշխանամետ ուժի հանրահավաքներին մասնակցելուն հարկադրելու վերաբերյալ տեղեկությունների մասին հարցին՝ պնդել էր, որ մարդկանց ՔՊ-ի հանրահավաքների մասնակցել ստիպող պաշտոնյաները կազատվեն աշխատանքից։
«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը մայիսի 18-ին ՀՀ գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել՝ Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոսին վերագրվող ձայնագրության հիմքով։
Մայիսի 29-ին ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտնել էր, որ իշխանությունները քարոզարշավի ժամանակ համատարած վարչական ռեսուրս են կիրառում։

























