ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մարզերում քաղաքացիներին իշխանամետ ուժի հանրահավաքներին մասնակցելուն հարկադրելու վերաբերյալ տեղեկություններին։
Պատասխանելով Armenia Today-ի հարցին, թե խմբագրությունն ահազանգեր է ստանում մարզերի բնակիչներից, հատկապես՝ պետական համակարգի աշխատողներից, որոնց սպառնում են աշխատանքից ազատել «Քաղաքացիական պայմանագրի» հանրահավաքներին չմասնակցելու դեպքում, վարչապետը կոչ է արել չենթարկվել և դիմել իրապահներին։
«Բոլոր պաշտոնյաները, որոնք վարչական ռեսուրսով մարդկանց ստիպում են, որ գան մեր հանրահավաքներին, կազատվեն աշխատանքից, բայց եթե պարզվի, որ որևէ մեկն ուզում է գալ մեր հանրահավաքին և արգելում են գալ, այդ մարդիկ նույնպես կազատվեն աշխատանքից»,- նշել է կառավարության ղեկավարը։
Փաշինյանը, միևնույն ժամանակ, կոչ է արել բոլոր քաղաքացիներին մասնակցել իրենց հավաքներին այն դեպքերում, երբ օրենքը դա չի արգելում։ Նա հավելել է, որ եթե հայտնի դառնա, որ կոնկրետ որևէ պաշտոնյա հարկադրում է մարդկանց մասնակցել հանրահավաքին, ապա վերջինս կազատվի աշխատանքից:
«Եթե որևէ մեկը հանկարծ արգելի որևէ մեկին մասնակցել մեր հավաքին, այդ արգելողին էլ կազատեն, ստիպողին էլ կազատեն․ ստիպողն էլ է պատասխանատվություն կրելու, արգելողն էլ է պատասխանատվություն կրելու»,- հավելել է նա։
Armenia Today-ի հստակեցնող հարցին, թե կարո՞ղ է, օրինակ, որևէ ուսուցիչ աշխատանքից ազատվելու ռիսկի տակ հայտնվել հանրահավաքին չմասնակցելու համար, Փաշինյանը պարտասխանել է՝ «ո՛չ, չի կարող»։
Փաշինյանն ընդունել է երկրում փոփոխությունների անհրաժեշտությունը, սակայն Armenia Today-ի լրագրողի հարցին ի պատասխան՝ հայտարարել է, որ հասարակության կողմից իր հանդեպ բացասական վերաբերմունք չի տեսնում։
Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս են փոխվել մարդկանց տրամադրություններն ու արժեքները 2018-2026 թվականների ընթացքում և արդյոք նկատո՞ւմ է իրեն ուղղված քննադատություն, Փաշինյանն ընդգծել է, որ երկրում «շատ բան է պետք փոխել»։
Այդուհանդերձ, նա հանրային տրամադրությունները բնութագրել է «պոզիտիվ»՝ դա կապելով իրականացվող բարեփոխումների և խաղաղության հեռանկարի հետ։




































